«Այդ պայմանագիրը նշանակալի առումով թերի է». Աղասի Ենոքյան
«Արդեն իսկ բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ցույց են տալիս, որ այդ պայմանագիրը նշանակալի առումով թերի է։ Խոսքը վերաբերում է և՛ այս կարգի զորավարժություններին, և՛ ռազմական ոստիկանություն մտցնելու Ռուսաստանի որոշմանը, էլ չասած այն, որ Պերմյակովի դատավարությունը չափազանց խնդրահարույց էր։ Ես կարծում եմ, որ կան իրավական ասպեկտներ, որ պետք է ավելի հստակեցնել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական միջպետական պայմանագրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ «դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրաիրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է։ Այս միջադեպը (խոսքը Փանիկի միջադեպի մասին է.- խմբ.) կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների»:
Ըստ նրա՝ բազմաթիվ խնդիրներ կան նաև ռուսական սահմանապահների հետ կապված, որոնք ռուսական ռազմաբազայի հետ կապ չունեն, այլ ուժեր են և այլ պայմանագրով են աշխատում։
Ա.Ենոքյանի խոսքով՝ հասկանալի չէ այդ սահմանապահների իմաստը, որ դրանք պետք է լինեն ռուսներ, հասկանալի չէ, թե ինչու պետք է Իրանի հետ ՀՀ սահմանը ռուսական սահմանապահներ հսկեն, հասկանալի չէ, թե ինչու պետք է ռուս սահմանապահներն աշխատեն «Զվարթնոց» օդանավակայանում.
«Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները մենք չունենք։ Այսինքն՝ պետք է վերանայվի Իրանի հետ սահմանին ռուսական սահմանապահների հարցը, օդանավակայանում նրանց գործունեությունը, պետք է շատ ավելի հստակեցվի, թե հայ-թուրքական սահմանը ռուսական սահմանապահներն ինչ իրավական հենքով են պահում, որովհետև այնտեղ նույնպես սահմանախախտության տարբեր դեպքերի ենք ականատես լինում։ Թեկուզ այն, որ, երբ Պերմյակովին ռուս սահմանապահները սահմանին բռնեցին, հանձնեցին ոչ թե հայկական ոստիկանությանը, այլ հանձնեցին ռուսական ռազմաբազային»։