Բաժիններ՝

Գարեգին Բ-ն և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանն ուղղված քայլերը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր դոկտոր Քրիստոֆ Փլոսին՝ ուղեկցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների:

Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները սերտանում ու զարգանում են՝ նպաստելով հայ և գերմանացի ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի իշխանություններին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հյուրին տեղեկություններ է փոխանցել Մայր Աթոռի առաքելության, հայ ժողովրդի կյանքում քրիստոնեական հավատի կարևոր դերակատարության, Հայոց ցեղասպանության արհավիրքների, ինչպես նաև Եկեղեցու ներկա գործունեության մասին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի և Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին՝ հույս հայտնելով, որ դրանք ևս կհաղթահարվեն հայ ժողովրդի զորեղ հավատքի շնորհիվ:

Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Փլոսն իր հերթին տեղեկացրել է Հայաստան իր այցի մասին, որի նպատակն է նպաստել երկու երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունների առավել զարգացմանը:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև միջեկեղեցական հարաբերությունների, ի մասնավորի` Հայոց Եկեղեցու և Գերմանիայի Լյութերական-ավետարանական Եկեղեցու միջև կապերի մասին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս