
ԱՄՀ-ի ղեկավարին փոխադրող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Արգենտինայում. Todo Noticias

American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որտեղ գտնվում էր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը, արտակարգ վայրէջք է կատարել Արգանտինայում: Հուլիսի 23-ին այս մասին հաղորդել է Todo Noticias հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Բուենոս Այրեսից Մայամի մեկնող ինքնաթիռը հարկադրված է եղել վերադառնալու Էսեյսա միջազգային օդանավակայան վառելիքի հոսակորստի եւ սալոնի ապահերմետիկացման պատճառով: Ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Լագարդն Արգենտինայից ԱՄՆ Էր վերադառնում G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը մասնակցելուց հետո, որը հուլիսի 21 – 22-ը տեղի էր ունեցել Բուենոս Այրեսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: