«Ինչպես իմանալ՝ սիրո՞ւմ են ձեզ, թե՞ ոչ…». Միխայիլ Լիտվակ
Երբեք մարդուն մի հարցրեք՝ սիրո՞ւմ է նա ձեզ արդյոք, թե՞ ոչ։ Նախ և առաջ որոշակիացրեք ձեզ համար, թե ի՞նչ է սերը։
Էրիխ Ֆրոմի բնորոշմամբ՝ սերը սեփական զուգընկերոջ կյանքի ու զարգացման մեջ ակտիվ հետաքրքրվածությունն է։
Եթե համաձայն եք այս բնորոշման հետ՝ շարունակեք կարդալ։
Եվ այսպես, ամեն ինչ սկսվում է ձեր սեփական անձի նկատմամբ ձեր իսկ ունեցած բազային սիրուց։ Հիշեք Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ»։
Եթե դուք ինքներդ ձեզ չեք սիրում, հետևաբար, դուք այդ սերը չեք կարող պահանջել ձեր զուգընկերոջից։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է նախ և առաջ ինքդ քեզ սիրել։
Հեշտ է հասկանալ՝ սիրո՞ւմ ես քեզ, թե՞ ոչ։ Երբ դուք սովորում եք կամ սպորտով եք զբաղվում, դուք զարգանում եք։ Ահա այդ պահին դուք ձեզ սիրում եք։ Հետևաբար, երբ ուզում եք հասկանալ՝ ձեզ սիրո՞ւմ են, թե՞ ոչ, ինքներդ ձեզ հարց տվեք՝ իսկ ես այդ մարդու օգնությամբ զարգանո՞ւմ եմ, թե՞ոչ։ Եթե զարգանում եք, ուրեմն ձեզ սիրում են, եթե չեք զարգանում, համապատասխանաբար՝ ոչ։
Ես միշտ տղամարդկանց ասում եմ. «Ձեր կանանց ձեր վզին մի նստեցրեք, անգամ, եթե դուք շատ հարուստ եք, քանի որ, Աստված մի արասցե, բայց կյանքում ամեն բան պատահում է, և կարող է մի օր գալ, երբ դուք չեք լինի, իսկ ձեր կինը չի կարողանա կերակրել ձեր իսկ երեխաներին, քանի որ, փաստորեն, ոչինչ անել չգիտի»։
Այսպիսով, եթե ձեր զուգընկերոջ հետ ձեր հարաբերությունները չեն հանգեցնում ձեր զարգացմանը, ինչում էլ որ դա արտահայտվի, ապա խոսել սիրո մասին իմաստ չունի, քանի որ այն պարզապես չկա։
Այնպես որ, մեր ժամանակներում սերը հազվադեպ բան է։
Եվ որպես վերջաբան՝ ուզում եմ խոսել էրոտիկ սիրո մասին։
Դա, իհարկե, սիրո բոլոր տեսակների գագաթն է։ Ձեր երեխաները մի օր հեռանալու են ձեզնից, և միակ մարդը, ով մնալու է ձեզ հետ, ձեր ամուսինն է։ Այնպես որ, միմյանց տվեք ամեն ինչ՝ սեր, հոգատարություն, խնամք, երջանիկ դարձրեք միմյանց, այդ թվում՝ նաև էրոտիկ սիրո միջոցով։ Դա միայն ամրապնդում է հարաբերությունները, եթե դրանք ի սկզբանե ճիշտ են կառուցված։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը