«Ոչինչ չի փոխվել, անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կօգտագործի իր լծակները»

Հարցազրույց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովի հետ

– Իրավիճակը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տագնապալի է: Հակամարտության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը լարված է որակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կոշտ, ռազմատենչ հռետորաբանություն կիրառել: Իրավիճակը, ըստ Ձեզ՝ որքանո՞վ է վտանգավոր:

– Իրավիճակն այս հակամարտության գոտում վտանգավոր է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտության կարգավորում տեղի չի ունեցել և քանի դեռ կողմերը պատրաստ չեն փոխզիջումների միջոցով վերջակետ դնել այս հակամարտությանը: Բայց փոփոխություններ չեմ ակնկալում ոչ դիվանագիտական գործընթացում և ոչ էլ՝ ռազմական: Կարծում եմ` իրականում ոչինչ չի փոխվել, ինչպես 2 կամ 10 տարի առաջ: Երկու տարի առաջ եղան ռազմական գործողություններ, բայց դրանք պատերազմի չհանգեցրին: ՀՀ կառավարության գնահատականներից երևում է, որ իրավիճակը վերահսկվում է, չկա տագնապ, կան իրատեսական գնահատականներ, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան կանխարգելիչ գործողությունները կիրականացվեն:

– Մտահոգիչ է նաև այն, որ լարվածություն վերջին շրջանում կա նաև Նախիջևանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ադրբեջանական կողմն այս ուղղությունից նախաձեռնել դիրքային փոփոխություններ:

Պարզապես սա դարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտություն: Լարվածությունն այդ հատվածում նորություն չէ: Այն ամենը, ինչի ականատեսն ենք մենք, հակամարտության չկարգավորվածության պատճառով է:

– Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի սեղանին կարգավորման ռուսական փաթեթ էր դրված, ամեն ինչ իբր գրեթե համաձայնեցված էր, և այն այսօր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին է, բայց դատելով ՀՀ վարչապետի հռետորաբանությունից՝ այս ուղղությամբ հայկական կողմը քայլերի պատրաստ չէ: Կա՞ այսօր, ըստ Ձեզ՝ նման փաթեթ:

– ՌԴ ԱԳ նախարարը բազմիցս անդրադարձել է այդ փաթեթների մասին խոսակցություններին, նման փաթեթներ չկան, քանի որ ինչ փաստաթղթեր որ եղել են, դրանց վրա եղել է համանախագահների կողմից միասնական աշխատանք: Կարծում եմ` էականն այստեղ այն չէ, թե փաթեթը ռուսակա՞ն է, թե՞ ամերիկյան, կարևորն այն է, որ լինի փոխզիջումային լուծում, որ կողմերը պատրաստ լինեն զիջումների, խոսքը երկու կողմերի մասին է: Այսօր դա չկա նաև ներքին տրամադրությունների պատճառով, ուստի կարգավորման փաթեթներից խոսելը ժամանակավրեպ է: Այնուամենայնիվ ասեմ, որ փաթեթները կազմվում են սկզբունքների հիման վրա, հենց այդ պատճառով էական չէ, ըստ իս, թե այն որտեղ է գրվել, քանի որ բովանդակությունը նույնն է: Իսկ փաթեթները, կարծում եմ՝ մի քանիսն են, որոնց միջև տարբերություններն էական չեն:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր մամլո ասուլիսի ընթացքում անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առկա լարվածությանը՝ ասաց, որ ՌԴն՝ որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսում այս տարածաշրջանում։ Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի դիրքորոշումն իրավիճակի լարման դեպքում:

– Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի, հանգուցալուծման ուղիների, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ քաղաքականության վերաբերյալ չի փոխվել: ՌԴ-ի համար ռազմական գործողությունները ԼՂ հակամարտության շուրջ անընդունելի են: Կարծում եմ` վարչապետը նման հայտարարություն անելով՝ հիմնվում է 2 տարի առաջ տեղի ունեցածի և ռուսական միջամտության վրա, Ռուսաստանը փորձելով պահպանել իր ազդեցությունը երկու երկրների նկատմամբ՝ թույլ չի տվել պատերազմ: Նա նաև փորձում է ցույց տալ, որ ակնկալում է դրական միջամտություն Ռուսաստանից: Ոչինչ չի փոխվել` անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կօգտագործի իր լծակները հանուն խաղաղության:

– ՀՀ-ում իշխանություն է փոխվել, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները մի քանի անգամ շփվելու առիթ են ունեցել: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նոր իշխանությունների և ՌԴ հարաբերությունները:

– Բնական է, որ մի քանի անգամ հանդիպումներ են եղել, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, ինտեգրացիոն նույն կառույցների անդամ, հետևաբար՝ միմյանց հանդիպելու առիթները ևս շատ են: ՀՀ նոր իշխանությունների հայտարարություններն ու գնահատականները ցույց են տալիս, որ նրանք իրատես են` ՀՀ աշխարհագրական և քաղաքական իրավիճակը թույլ չի տալիս արտաքին բլոկում շեշտակի փոփոխությունների գնալ: Կարծում եմ`կոնտակտները հաստատվում են, ամեն բան նորմալ է այս փուլի համար: Փոփոխություններ չեմ տեսնում, հայտարարությունները մտածված են ու հավասարակշռված: Եղան հանդիպումներ նաև Բրյուսելում, այնտեղ ևս, կարծում եմ՝ փոփոխություններ չեն լինելու: Թեև Ռուսաստանը դեմ չէր, երբ Հայաստանը համաձայնագիր ստորագրեց ԵՄ-ի հետ, քանի որ այն համաձայնեցված էր նաև ԵԱՏՄ-ի հետ:

– Օգոստոսի 1-ից Վրաստանում մեկնարկելու են «Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ: Ըստ նախնական պայմանավորվածության՝ Հայաստանը պետք է մասնակցի այդ զորավարժությանը, սակայն վերջնական որոշում, ըստ ՀՀ վարչապետի, չկա: Հայաստանի մասնակցությունն այդ զորավարժություններին խնդիր կստեղծի՞ հայ-ռուսական հարաբերություններում:

– Ըստ Ռուսաստանի՝ Հայաստանն անվտանգության ոլորտում այլընտրանք չունի: Իմ համոզմամբ՝ Հայաստանը ևս չի դիտարկում նման այլընտրանքներ՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների խորությունն այս ոլորտում: Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները բավականին լարված են: Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, լսեցիք ելույթները: Սա Ռուսաստանի համար զգայուն հարց է: Կարծում եմ` հայկական կողմը կխորհրդակցի Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ, քանի որ սա անվտանգության ոլորտին առնչվող միջոցառում է, իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, հայ-ռուսական հարաբերություններն այս ոլորտում հատուկ են: Ի դեպ, խորհրդակցություններ տեղի են ունենում միշտ: Ուստի չեմ կարծում, թե խնդիր կառաջանա:

Տեսանյութեր

Լրահոս