«Կինոն՝ որպես արվեստ, ունի պետական հոգածության կարիք». տեղի ունեցավ «Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության առաջին հավաքը
«Մենք հավաքվել ենք, որ իրավիճակ փոխենք: Այս հավաքը շատ մեծ էներգիա ունի». նման նպատակ և բնութագրում ուներ «Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության առաջին հավաքը՝ ըստ նախաձեռնության հիմնադիր-անդամ, ռեժիսոր և պրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության և «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանի:
Կինոարտադրության ոլորտում ոչ բարվոք իրավիճակն ու մտահոգիչ զարգացումները քննարկելու համար հուլիսի 19-ին հենց «ՍԻՆԵՄԱ» կրթական կենտրոնում էին հավաքվել մեկ տասնյակից ավելի պրոդյուսերներ, ռեժիսորներ, դերասաններ և օպերատորներ: Մոտ 4 ժամ տևած հանդիպման ընթացքում ոլորտի մասնագետները քննարկեցին մի շարք հարցեր, որոնք էին՝ Ա) Հայաստանում գործող ֆիլմարտադրող ընկերությունների և անհատ ֆիլմարտադրողների պաշտպանվածության բացակայությունը, Բ) ՀՀ քաղաքացիների կողմից ձևավորվող ՀՀ պետական բյուջեից կինոարտադրությանը հատկացվող պետական աջակցության գումարներից ոչ ՀՀ քաղաքացի կինոգործիչների հեղինակած կինոնախագծերի աննախադեպ մեծ ծավալներով ֆինանսավորումը, Գ) Միջազգային կինոգործընթացից հայկական կինոարտադրության մեկուսացումը, միջազգային խոշոր կինոփառատոներից և կինոշուկաներից հայկական ֆիլմերի բացակայությունը, Դ) ՀՀ քաղաքացի կինոգործիչների հեղինակած միջազգային համաֆինանսավորման պոտենցիալ ունեցող կինոնախագծերի հանդեպ ոչ պատշաճ ուշադրությունը, Ե) Պետական աջակցության համար կինոնախագծերի ընտրության նոր Կանոնակարգում հատվածային շահի ակնհայտությունը և ընտրական հանձնաժողովում ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչների բացակայությունը, Զ) Կինոյի Օրենքի բացակայությունը, Է) Կրթական համակարգի և նոր ռեժիսորների հանդեպ ոչ պատշաճ ուշադրությունը, Ը) Կինովերլուծական մտքի, կինոքննադատության և մասնագիտական կինոմամուլի բացակայությունը, Թ) Հատվածային շահի և թայֆայականության գործելաոճի արմատացումը:
Խոսելով ՖԱՀՖ-ի մասին՝ նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Նիկոլայ Դավթյանը կարևորեց նպատակի առկայությունը. «Այս նախաձեռնությունում ես նպատակ եմ տեսել»,- ասաց կինոռեժիսորը: Ըստ վերջինիս՝ կինոյի զարգացման հարցում մեծ կարևորություն ունի ֆիլմերի վաճառքը, ինչում մեծ դերակատարություն ունեն հենց պրոդյուսերները. «Իմ նման մարդիկ շատ կան, որոնք պատրաստ են ձրի նկարել, բայց մենք պետք է հասկանանք, որ պրոդյուսերը լուրջ մասնագիտություն է, շատ լուրջ: Եթե այդ մասնագիտությունը համեմատեմ ուրիշ բանի հետ, երևի էն հին ժամանակներում որ աշխատում էինք, գլխավոր խմբագրին է նման, որ իր ձեռքում էր պահում ամեն ինչ՝ և՛ պատվիրել, և՛ ընդունել»:
Ըստ պարոն Դավթյանի՝ այս նախաձեռնության կայուն գործունեության համար անհրաժեշտ է, որպեսզի վերանա ՀՀ Մշակույթի նախարարության «կինո բաժին կոչեցյալը, որոհետև այն բացարձակապես ֆունկցիոնալ չէ»:
Պրոդյուսերի մասնագիտությունը կարևորում է նաև Հովհաննես Գալստյանը, ով կինոն համեատեց գնացքի հետ, որի «առաջին վագոնում պրոդյուսերներն են և ռեժիսորները, ովքեր շարժում են գնացքը: Երկրորդ վագոնը կրթությունն է, երրորդ վագոնը զբաղվում է ֆիլմերի ցուցադրությամբ, չորրորդ վագոնում փառատոներն են, և այդպես շարունակ»: Ըստ պարոն Գալստյանի՝ այսօր ռազմավարությունն այնպիսին է, որ գումարի մեծ մասը ներդրվում է 7-րդ, 8-րդ վագոնների մեջ, այդ պատճառով էլ գնացքը տեղից չի շարժվում. «Դուք ֆիլմարտադրողներին չեք աջակցում, պրոդյուսերներին չեք ուժեղացնում, որ լծող եզան պես քաշեն այդ սայլը, առաջ տանեն: Որքան գումար ուզում եք՝ տվեք փառատոներին, միջոցառումներին, գնացքը չի շարժվի, որովհետև գումարները պետք է ներդրվեն ֆիլմարտադրության մեջ: Կինոն՝ որպես արվեստ, ունի պետական հոգածության կարիք»:
Բուռն քննարկումներից հետո հավաքի մասնակիցները հստակեցրին իրենց հետագա քայլերը՝ ուժերի միավորում, առաջիկա ամիսներին հանդիպումների և քննարկումների կազմակերպում՝ Հայաստանում և ՀՀ սահմաններից դուրս մեր հայրենակից Ֆիլմարտադրողների հետ՝ նախաձեռնության շուրջ առավել ազդեցիկ և գործուն համախմբում ապահովելու նպատակով: Բացի այդ, ինչպես նշված է «Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության պաշտոնական հայտարարության մեջ, նախաձեռնության անդամները պատրաստվում են առաջիկայում դիմել ՀՀ մշակույթի նախարարությանը՝
1. ՀՀ Մշակույթի նախարարի 2018 թ․09.07. 365-Ա հրամանի հավելված ՀՀ Մշակույթի նախարարի 2018 թ․մարտի 17-ի N 116Ա հրամանով հաստատված «Կինոնախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման նոր ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ» մեջ փոփոխություններ կատալու և Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիա նախաձեռնության ներկայացուցչին մրցույթների հանձնաժողովներում ընդգրկելու առաջարկով
2. «Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության կողմից շրջանառության մեջ դրված «Ժամանակակից կինեմատոգրաֆի պետական արդյունավետ կառավարման ընդհանրացված փորձի վրա Հայկական կինոյի կառավարումն իրականացնող Պետական մարմնի նոր կառուցվածքի ԱՌԱՋԱՐԿ»-ի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ կազմակերպելու և փորձագիտական խումբ ձևավորելու առաջարկով։
Անի Գաբուզյան