«Բելառուսական «Պոլոնեզների» վաճառքն Ադրբեջանին անընդունելի է». Նիկոլ Փաշինյան

Բելառուսի կողմից իրենց համազարկային «Պոլոնեզ» համակարգերի վաճառքն Ադրբեջանին սրել է Մինսկի ու Երևանի միջև հարաբերությունները. այս մասին «Եվրառադիոյին» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Եվրառադիո. – Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում հետագայում Հայաստանի ու Բելառուսի միջև փոխհարաբերությունները։

Փաշինյան. – Մենք լավ հարաբերություններ ունենք, բայց կարծում եմ, որ մենք մեծ պոտենցիալ ունենք ու պետք է այն իրականացնենք։ Իհարկե, մենք անհանգստություն ունենք Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ, և դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար։ Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ։ Եվ գիտե՞ք, խնդիրը սրվում է նրանով, որ Հայաստանն ու Բելառուսը ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական գործընկերներ են։ Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են այն փաստից, որ Բելառուսն Ադրբեջանին զենք է վաճառում։

Եվրառադիո. – Գիտեմ, որ և Դուք, և Հայաստանի բոլոր պաշտոնյաները փորձում են Մինսկին ու անձամբ Լուկաշենկոյին համոզել այլևս զենք չվաճառել Ադրբեջանին։ Ի՞նչ եք կարծում, կստացվի՞։

Փաշինյան. – Կարծում եմ՝ սխալ է ասել, որ մենք փորձում ենք համոզել։ Մենք բացատրում ենք այդ հարցի շուրջ մեր դիրքորոշումը։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Բելառուսի շահերին ու հույս ունենք, Բելառուսն էլ հարգանք կցուցաբերի Հայաստանի շահերի նկատմամբ։ Ցավոք, մեզ համար այդպիսի գործունեությունն անընդունելի է, և ես ուզում եմ այդ մասին ուղիղ ասել։

Հիշեցնենք, որ այն մասին, որ Բելառուսն Ադրբեջանին է վաճառել «Պոլոնեզ» համազարկային համակարգեր, հայտնի դարձավ հունիսին, երբ նախագահ Ալիևը մասնակցեց Ադրբեջանի հրթիռային զորքերի զորամասի բացման արարողությանը։ Միջոցառման լուսանկարներից մեկում երևում էին նաև «Պոլոնեզ» համակարգերը։

Նույն օրը Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց. «Ցավում եմ, որ մեզ համար բարեկամ երկիր հանդիսացող Բելառուսը զենք է վաճառում մեզ հետ կոնֆլիկտ ունեցող երկրի»։

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ այժմ և Հայաստանի ԱԳՆ-ն, և Անվտանգության խորհուրդն աշխատում են այն ուղղությամբ, որ Բելառուսը հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառելուց։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս