
Մշակույթի նախարարությունը դեռ սպասում է Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վերաբերյալ իր դիմումի արձագանքին

ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարան, որպեսզի բացատրություն ստանա Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարակից տարածքում Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի կանգնեցման վերաբերյալ:
«Մենք դեռ քաղաքապետարանից ոչ մի արձագանք չենք ստացել»,- «Արմենպրես»-ի թղթակցին ասաց ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:
Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 17-ին: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը չի մասնակցել միջոցառմանը:
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ անընդունելի էր համարել արձանի տեղադրումը` առանց իրենց հետ քննարկման:
«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է, և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում:
Միաժամանակ, կարևոր համարելով Արամ Մանուկյանի դերն ու գործունեությունը հայոց պատմության մեջ և նրա արձանի կառուցման խնդիրը Երևան քաղաքում՝ այնուհանդերձ անընդունելի ենք համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: