«Որևէ սյուրպրիզ չկա մեր համար». Էդմոն Մարուքյանը՝ Պյոտր Սվիտալսկու հայտարարությունների մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահ է, որ Հայաստանում բոլոր ուղղություններով բարեփոխումների վերաբերյալ կա Եվրամիության միանշանակ աջակցությունը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մարուքյանը նշեց, որ տեղյակ չէ, թե գործադիրն ինչ գործողությունների ծրագիր է քննարկում ԵՄ-ի հետ, և չի կարող մեկնաբանել վերջին օրերին այդքան քննարկվող ԵՄ-ից ՀՀ-ին հատկացվող ֆինանսական աջակցության հարցը, բայց փաստ է, որ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպում է բոլոր նախարարներին և քննարկում տվյալ ոլորտում բարեփոխումների ծրագրեր։

«Ես կարծում եմ՝ բրյուսելյան այցն ունի հնարավորություն կապիտալիզացվելու և կկապիտալիզացվի, և ԵՄ աջակցությունը շատ կարևոր է լինելու Հայաստանում թե՛ սպասվող խորհրադարանական արտահերթ ընտրությունների հետ կապված, թե՛ նաև այն ռեֆորմների, որ մենք պետք է իրականացնենք երկրում»,- ասաց Է.Մարուքյանը։

Ըստ նրա՝ ՀՀ վարչապետի՝ Բրյուսել կատարած այցը բավականին ներկայացուցչական է եղել, բավականին լուրջ հանդիպումներ են եղել, բայց դրա «խութերի» մասին չգիտենք, հայտնի են միայն մամուլով տրված տեղեկությունները։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ չենք «հալվելու» եվրոպացիների հաճոյախոսություններից, Է.Մարուքյանը կարծիք հայտնեց, որ որևէ հալվելու բան չկա. «ԵՄ-ն շատ լուրջ, բարձր մակարդակում ջերմ ողջույններով է ընդունել Հայաստանում փոփոխությունները՝ թե՛ նոր ձևավորված իշխանությանը, թե՛ այն հակակոռուպցիոն պայքարը, որ նախաձեռնված է, և մյուս կողմից՝ նաև Փաշինյանի մտահոգությունն այն է, որ մենք սպասում ենք, ակնկալում ենք կոնկրետ քայլեր։ Ես գիտեմ, որ կա 160 մլն եվրոյի ծրագիրը, որի խոստումը եղել է նախկին իշխանությունների ժամանակ, հիմա դա պետք է թարմացնել, և չի բացառվում՝ նաև մեծացնել։ Ես այդ հնարավորությունները տեսնում եմ։ Բայց այդ մեծացման, թարմացման տակ պետք է դնել կոնկրետ ծրագրեր»։

Նա նկատեց, որ ՀՀ-ն Ասոցացման համաձայնագիր է մերժել, և ԵՄ-ն կարող էր ավելի սառը հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, քան ունի։ Պատգամավորը նաև շեշտեց, որ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը որևէ կերպ չի փոխվել, և Սվիտալսկին դա է ասել. «Որևէ սյուրպրիզ չկա մեր համար»։

Տեսանյութեր

Լրահոս