«Չի կարելի ստրատեգիական դաշնակցություն ամրագրել մի կողմում, իսկ ֆինանսական աջակցություն ակնկալել մյուս կողմում»

Հարցազրույց քաղաքագետ, հրապարակախոս Անուշ Սեդրակյանի հետ

– Տիկին Սեդրակյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԵՄ-ն չի արդարացրել իր հույսերը, գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները։ Իսկ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին տարակուսանք է հայտնել, որ, եթե հայկական քաղաքականության մեջ չկա փոփոխություն ԵՄ-ի նկատմամբ, ի՞նչ փոփոխության դա պետք է հանգեցնի ԵՄ-ի կողմից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը։

– Եվրամիության հանդեպ 2 տեսլական կարող է լինել, առաջինը՝ իբրև փողային դոնոր, երկրորդը՝ իբրև արժեքներ արտահանող։ Կախված նրանից, թե ինչպես է պետությունը նայում Եվրոպական միությանը, այդպիսի պատասխան էլ ստանում է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այն երկրները, որոնք գտնվում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի ուժեղացված ֆինանսական օգնության պարադիգմայում, նախապես հռչակել էին արևմտյան կողմնորոշում։ Խոսքն Ուկրաինայի և Վրաստանի մասին է, էլ չեմ ասում Լեհաստանի, Վարշավյան պակտի, այլ երկրների մասին։

ԵՄ-ն, ինչպես նաև ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, նախապես ստացել են նրանց արևմտյան կողմնորոշման մասին հստակ հայտարարություն, որի ժամանակ տեղական իշխանությունները չեն վախեցել Ռուսաստանի հետ սպասվելիք և կատարվելիք կոնֆլիկտներից և ըստ այդմ ստացել էին ԵՄ-ի արձագանքը։ Տվյալ պարագայում Հայաստանը, որը բազմիցս հռչակել է, որ իր քաղաքական ուղիում որևէ բան չի փոխվի, ստացել է համարժեք պատասխան դեսպանի կողմից, որ ԵՄ-ի քաղաքական ուղիում ևս որևէ բան չի փոխվել։ Այսինքն՝ որևէ արտառոց բան չի կատարվել՝ ՀՀ քաղաքական կողմնորոշման մեջ բան չի փոխվում, ինչպես նաև չի փոխվում ԵՄ քաղաքական կողմնորոշման մեջ։ Շատ նորմալ, համարժեք հարաբերություններ են հաստատվում։

– Հիմա գումարային ակնկալիքներն են կարծես ավելացել հայկական կողմից։ Տեղի՞ն են դրանք։

– Գիտեք, տեղին են, թե ոչ տեղին, դա մենք չենք որոշում, որովհետև մենք կարող ենք ամեն տիպի պահանջներ ներկայացնել, թեկուզ, օրինակ, Կատարի պետությանը։ Բայց այդ պահանջների նպատակահարմարությունը որոշում է այն կողմը, որը տրամադրում է ֆինանսական ռեսուրսները։ Ի վերջո, մենք նմանատիպ պահանջատիրություն կարող ենք դրսևորել Ռուսաստանի նկատմամբ։ Ինչո՞ւ ոչ։ Եթե մենք հռչակել ենք հավատարմություն ռուսական գծին, շատ տրամաբանական կլինի ֆինանսական օգնություն ակնկալել այն կողմից, որին մենք լոյալ ենք առավել, քան որևէ այլ կողմի։ Եվ դա, ինձ թվում է, նույնպես տրամաբանական քայլ կլինի։

Ուղղակի ես կարծում եմ, որ այդ պահանջատիրության տրամաբանական աղերսները պետք է հստակ ուրվագծվեն, որովհետև չի կարելի ստրատեգիական դաշնակցություն ամրագրել մի կողմում, իսկ ֆինանսական աջակցություն ակնկալել մյուս կողմում։ Դա որևէ առումով մի տեսակ չի էլ ընկալվի։

– Ռուսական կողմն էլ, սակայն, կարծես խանդի դրսևորումներ է ցուցաբերում. նախքան Փաշինյանի բրյուսելյան այցը, այնտեղ տարբեր մեկնաբաններ ասում էին, թե՝ ինչո՞ւ է գնում, չպետք է գնա։

– Գիտեք, ռուսական կողմն ընդհանրապես կնախընտրեր, որ իր ազդեցության ոլորտում և գոտում գտնվող բոլոր երկրները նույնիսկ բարև չտային Արևմուտքին, որովհետև դրանով Ռուսաստանն ամրապնդում է իր անդավաճան հեգեմոնիան տարածաշրջանում։ Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ իր ամենամտերիմ դաշնակիցները, հանձինս՝ Բելառուսի և Ղազախստանի, ոչ միայն Արևմուտքի հետ կապերը չեն խզում, այլև ամրապնդում են դրանք, որովհետև իրենք հասկանում են, թե որտեղից է գալիս իրական աճի և զարգացման հնարավորությունը։ Ռուսաստանը շատ վաղուց չի կարող ապահովել իր սեփական պետության զարգացումը, նույնիսկ կայունությունը չի կարողանում ապահովել։

Պետք էր նայել ֆուտբոլային այս առաջնությունը՝ հասկանալու համար, թե ինչպես է Ռուսաստանը մուրում այլ երկրների ֆուտբոլային ֆանատներից լոյալություն իր երկրի հանդեպ, որովհետև անընդհատ հեռուստատեսությամբ ցույց էին տալիս ֆանատների, որոնք ասում էին, թե Ռուսաստանը շատ լավ երկիր է։ Կարծես մահացու հիվանդին ասեն՝ դեմքիդ գույնը լավն է։ Դրա համար, քանի որ Ռուսաստանը չի կարողանում ապահովել իր կայուն զարգացումը, նա չունի դրա համար ռեսուրս, և, բնական է, դրա համար չի տրամադրելու համապատասխան ռեսուրս այլ պետություններին, բնական է, որ պետություններն իրենց բախտն են որոնում արևմտյան ստրատեգիական բլոկում, մեկը՝ առավել հաջողությամբ, մյուսը՝ նվազ։

Դա կախված է նրանից, թե ով ինչ ռեսուրս ունի դնելու եվրոպական շուկայի և ՆԱՏՕ-ի շուկայի ափսեին։ Դրա համար Հայաստանը պետք է, այնուամենայնիվ, հստակեցնի իր վեկտորն ու ակնկալիքները և ուղղակի իրատեսական գնահատի իր մոտեցումներն այդ խնդրին, որովհետև արտաքին քաղաքականությունը պահանջատիրությունից առաջ, նախևառաջ՝ սթափ գնահատում է։

– Վարչապետի բրյուսելյան այցից, ի վերջո, ի՞նչ արդյունք կարող եք արձանագրել։

– Կարևոր արդյունքն այն է, որ այդ հանդիպումը կայացավ։ Դա արդեն շատ մեծ բան է։ Նաև այն, որ նախորդ տարիների փաստաթղթից որևէ հետընթաց չարձանագրվեց։ Դա երկրորդ շատ կարևոր քայլն է։ Իսկ հետո մենք պետք է հիշենք, որ ժողովրդավարություն կարող ենք հայտարարել և նույնիսկ իրացնել, բայց Եվրոպան սպասելու է, մինչև այդ ժողովրդավարությունն ինստիտուցիոնալիզացվի։ Այսինքն՝ կայանա անկախ դատարանը, կայանան հակակոռուպցիոն գործողությունները ոչ միայն՝ նախկին իշխանությունների, այլև՝ ներկայիս իշխանությունների պարադիգմայում, որ ոչ միայն պատժվեն կոռուպցիոն հները, այլև չհայտնվեն կոռուպցիոն նորերը։ Դա երկար պրոցես է, և բոլորս պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանենք։

– Իսկ Դուք տեսնո՞ւմ եք ներկայումս կոռուպցիայի դեմ իրական պայքար։

– Միանշանակ, տեսնում եմ կոռուպցիայի դեմ իրական պայքար։ Մենք բոլորս, իհարկե, լավ փորձ չունենք կոռուպցիայի դեմ պայքարի, մենք հասկանում ենք, որ Հայաստանում այդ բոլոր օրինակները, որպես կանոն, լռեցվել են, և այդ պայքարը մինչև վերջ չի գնացել, դրա համար կան բազմաթիվ թերություններ։ Այդ պայքարը պետք է 3 բնորոշիչ ունենա՝

ա) պետք է լինի առանց խտրականության, բոլորը պետք է ենթարկվեն այդ հակակոռուպցիոն պայքարին։ Խոշոր կոռուպցիոներներն ու խոշոր օլիգարխները, որոնք գտնվել են այդ տիրույթում, պետք է մաս-մաս, ընդ որում՝ ես նույնիսկ պատժելուն կողմ չեմ, այլ պետք է մաս-մաս ապաշխարեն և պետությանը վերադարձնեն այն փողը, որը վերցված է պետությունից։

բ) Այդ պայքարը պետք է լինի ոչ դիսկրիմինատիվ, այսինքն՝ թափանցիկությունը պետք է երևա դատական պրոցեսների ընթացքում, և դրա համար պետք է ժամ առաջ կայացվի անկախ դատարանը։

գ) Այո՛, Հայաստանում այս պահից սկսած՝ անցյալն ու ներկան ու ապագան՝ ներառյալ, այլևս անձեռնմխելի մարդ չպետք է լինի, բոլորը պետք է հաշվետու լինեն և բոլորը պետք է նաև իրենք և՛ հաշվետու լինեն, և՛ հաշվետվություն պահանջեն։ Հայաստանը մտնում է քաղաքացիական գոտի, դա երկար պրոցես է, դրա այբուբենը մենք չգիտենք, զուգահեռ պետք է սովորենք։

 – Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԵՄ գործընկերներից մեկին տարակուսանք էր հայտնել, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: Եվ երբ վերջինս ասել է, թե 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք ֆինանսավորումը, Փաշինյանը պատասխանել է, թե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տալու դեպքում այդքան գումար գրպաններից կթափվի:

– Ճիշտն ասած՝ Եվրոպային դա չի հետաքրքրում։ Պետք է իմանալ, որ դրանք Հայաստանի ներքին գործերն են, որին Եվրոպան չի խառնվում։ Եվրոպային հետաքրքրում է Հայաստանի կանխատեսելիությունը ներսում և դրսում։ Եվ արտաքին քաղաքականության վեկտորը հետևյալն է. նախ՝ ինչքանով է պետությունը լավ վերաբերվում իր քաղաքացուն, և երկրորդ նախապայմանը՝ որքանով է նա կանխատեսելի արտաքին աշխարհի կողմից։ Դրա համար այդ տիպի դետալները կարող է, մեղմ ասած, ներքին շուկայի համար շատ հետաքրքիր լինեն, բայց արտաքին տիրույթում այդքան էլ կարևոր չեն։

Տեսանյութեր

Լրահոս