«Այս 4-րդ մոդելն ինձ համար առավել նախընտրելին է». Դավիթ Հարությունյանը նոր ընտրական մոդել է առաջարկում

Ազգային ժողովում այսօր շարունակվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը։ Օրակարգում ամենավիճահարույց խնդիրն է՝ ի՞նչ ընտրակարգ պետք է լինի։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են փակ համամասնական ընտրակարգին, սակայն կարելի է նաև քննարկել տարբերակներ, որ մարզային թեկնածուները ներկայացված լինեն։

«Չի կարող լինել այս մոդելը, որով մենք գնացինք ընտրության։ Սա, մեր գնահատմամբ, ուղղակի ապաքաղաքականացրեց ընտրությունը և գաղափարների միջև պայքարից տեղափոխեց ռեսուրսների միջև պայքար»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ հավելելով, որ համամասնականը շատ տարբերակներ ունի, և կարելի է գտնել բոլորի համար ընդունելին։

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն առաջարկեց քննարկել թերությունները ներկայիս մոդելում և գտնել լավագույն տարբերակը։ Ըստ նրա՝ չի կարելի գտնել մի ընտրակարգ, որը զերծ է թերություններից։ Դ. Հարությունյանի խոսքով՝ գործող մոդելի թերությունն այն է, որ, երբ քաղաքական ուժերը կայացած չեն երկրում, անձի հայտնի լինելը կարող է ասոցիացվել քաղաքական ուժի հետ, իսկ դրական կողմն այն է, որ հենց այդ մարդիկ են, որ ձևավորում են կուսակցության դեմքը։ Երկրորդ թերությունը, Դ. Հարությունյանի կարծիքով, հաշվարկի խնդիրն է, որ մի տեղամասում ավելի քիչ ձայն ստացած թեկնածուն կարող է ստանալ մանդատ, իսկ նրանից ավելի շատ ձայն ստացած մի այլ թեկնածու այլ ընտրատեղամասում՝ դուրս մնալ։

Նա նշեց, որ գործընկերների կողմից առաջարկվող համակարգերն էլ զերծ չեն թերությունից, օրինակ՝ փակ համամասնական ցուցակների դեպքում անձանց հերթականությունը որոշվում է կուսակցության վերնախավի, ոչ թե՝ ժողովրդի կողմից, նաև՝ քաղաքականության գերկենտրոնացում է լինում մայրաքաղաքում, իսկ տեղերից երաշխավորված կուսակցության ներկայացուցիչներ չեն լինում։

Կարդացեք նաև

Դ. Հարությունյանը նշեց, որ բաց համամասնական մոդելը չի լուծում մի կարևոր հարց՝ տարածքներից երաշխավորված քաղաքական գործիչների ներգրավվածության ապահովումը, նաև արդյունքների ամփոփումն է խնդրահարույց։

Նրա խոսքով՝ քվոտավորված փակ համամասնականը, երբ ամեն 6-րդը մարզի ներկայացուցիչ կլինի, նույնպես զերծ չէ թերությունից՝ կուսակցության վերնախավն է որոշում ցուցակը, նաև մարզում հաշվառված լինելը չի նշանակում, որ նա ներկայացնում է մարզը, նաև դա կնպաստի, որ խորհրդարանում հայտնվեն խոշոր մարզերի ներկայացուցիչները, ոչ թե փոքր։

Դ.Հարությունյանը ներկայացրեց մի քանի նոր մոդելներ. 1) տեղական ազդեցությունը նվազեցնելու համար Հայաստանը բաժանվի 3 մասի՝ հյուսիս, հարավ և Երևան, և տարածքային ցուցակները կազմվեն հենց այդ տեսանկյունից, որը կնվազեցնի ռեսուրսային պայքարի շանսերը, 2) զրկել ընտրողներին հնարավորությունից ցույց տալու իրենց նախասիրությունը, այնուամենայնիվ, ունենալ տարածքային ցուցակներ, այսինքն՝ ընտրողը ձայնը տա տարածքային ցուցակին, սակայն կուսակցության վերնախավն է որոշում հաջորդակությունը, 3) ունենալ 101 ընտրատարածք, որտեղ կուսակցությունները նշանակում են 1-ական թեկնածու, սակայն ընտրողը ձայնը տալիս է կուսակցություններին, 4) ունենալ 2 քվեաթերթիկ, մեկը զուտ կուսակցություններն են, 2-րդը նման է նախորդ ընտրությունների ժամանակ ունեցածին, և ընտրողը ձայնը տալիս է կուսակցությանը, մանդատները բաժանվում են ըստ կուսակցությունների, թեկնածուների մի մասը գնում է համապետական ցուցակից, մյուսը՝ տարածքային ցուցակներից և մանդատները բաշխվում են՝ կախված, թե կուսակցությունն այս կամ այն տարածքում քանի տոկոս ձայն է ստացել։

«Այս 4-րդ մոդելն ինձ համար առավել նախընտրելին է, զերծ է այն թերություններից, որոնց մասին խոսում էի»,- նկատեց Դ. Հարությունյանը՝ կոչ անելով այն դարձնել քննարկման առարկա։

Տեսանյութեր

Լրահոս