
«Առևտրային բանկերը տեղեկություններ չեն տրամադրում ԱԱԾ-ին». ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հերքում է, որ առևտրային բանկերը տեղեկություններ են տրամադրում Ազգային անվտանգության ծառայությանը։ 168.am-ի հետ զրույցում նա հավաստիացրեց, որ բանկային գաղտնիքը մեր երկրում շատ խիստ պահպանվում է։
«Միանշանակ հերքում եմ, որովհետև բանկային գաղտնիքը հստակ գործում է»,- ասաց նա։
Ըստ Դ.Անանյանի՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության բաժնետերերի մոտ խուզարկության ժամանակ ՊԵԿ-ը գտել է ավանդի պայմանագրեր, որոնց մեջ շուրջ 6.8 մլն դոլար չի հայտարարագրվել.
«Հիմա մեզ կամ բանկերին որևէ մեկը չի կարող մեղադրել, որ տեղեկությունը բանկն է տրամադրել։ Մենք քննչական գործողությունների շրջանակներում հայտնաբերել ենք թվով 3 ավանդային պայմանագրեր։ Հիմա կարող է, չէ՞, մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, որ մենք դա ինչ-որ ճանապարհով բանկերից ենք վերցրել։ Բայց նման բան գոյություն չունի։ Մեր բանկային համակարգն այդ առումով, շատ կարևոր է՝ ֆիքսենք, որ բանկային գաղտնիքը հստակորեն պահպանում է»։
Դիտարկմանը, որ դա ներդրողների համար է շատ կարևոր, Դ.Անանյանը համաձայնեց. «Իհարկե, մենք պետք է բոլորին ասենք, որ բանկային գաղտնիքը ՀՀ-ում հստակորեն պահպանվում է։ Եթե ԱԱԾ-ն կամ մենք տեսնում ենք իրենց փաստաթղթերը, դա բանկային գաղտնիք բացահայտելու հետ ի՞նչ կապ ունի»։
Մանրամասները՝ տեսանյութում