Բաժիններ՝

Թալիշցի աղջիկը թեև վախենում է, բայց շատ կցանկանար հարազատ գյուղում ապրել. «Ազատություն»

Թալիշցի Խաչատրյանների տանը դեռ 2016 թվականի օրացույցն է փակցված: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նրանց ավերված և թալանված տանն այդ օրացույցն ընտանիքի ավագ դուստրը՝ Աշխենը գտավ։ 27-ամյա աղջիկն օրերս այցելել էր հայրենի տուն։ Ասում է՝ հաճախ էր երազում տեսնում, կարոտել է գյուղը, իրենց տունը։ Բայց երազում տունը բարվոք վիճակում էր․ «Երազումս սենց չէի տեսնում, սարքած էր, նորմալ, մեր տունն էր»: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ղարաբաղի հյուսային սահմանագծին մոտ գտնվող, ժամանակին գրեթե 500 բնակիչ ունեցող գյուղում այժմ հատուկենտ տղամարդիկ են մնացել: 2016-ի ապրիլին ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկվելուց հետո թալիշցիները տեղափոխվեցին այլ բնակավայրեր:

Երկու տարի առաջ, ապրիլի 2-ին, Աշխենի ընտանիքն էլ, բազմաթիվ այլ ընտանիքների օրինակով, ստիված լքեց գյուղը։ Աշխենի հիշողություններում ինքն այդ օրը «մի ուժեղ աղջիկ էր»․ հարևանների երեխաներին գրկած, ոտքով, արկերի պայթյունների ներքո մի քանի կիլոմետր քայլել է՝ գյուղից դուրս գալու համար։ Այսօր, տեսնելով ավերակների վերածված գյուղն ու իրենց տունը, նա չկարողացավ զսպել հուզմունքը․ «Աստված իմ, սա մեր հարևանի տունն ա, էս ի՞նչ ա դառել։ Սա մեր տունն ա, էստեղ խոտեր չկային, մեր հարևան մի տատիկ ավլում էր․․․»:

Տան ավերակների միջից գտած ամենաարժեքավոր իրը սեփական լուսանկարն էր և ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված հոր՝ Արթուր Խաչատրյանի լուսանկարի առջև դրված ծաղիկները։

Աշխենն ասում է՝ վերակառուցվող Թալիշը շատ է փոխվել։ Անգամ իր սիրելի վայրում՝ գյուղի հուշահամալիրում նոր հուշաքար է ավելացել՝ նվիրված արդեն պրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: «Հայրենական ունենք, արցախյան ունենք, սա էլ ապրիլյան, պապայից հետո հատկապես էստեղ շատ էի գալիս»,- պատմում է Աշխենը:

Քառօրյա պատերազմից հետո Աշխենն ընտանիքի հետ Ալաշան էր տեղափոխվել: Այնտեղ ԼՂ կառավարությունը թալիշցիներին ժամանակավոր տնակներ էր տրամադրել: Որոշ ժամանակ անց Աշխենն աշխատանք է գտել Ստեփանակերտում և տեղափոխվել ԼՂ մայրաքաղաք։ Թալիշ վերադառնալուց թեև վախենում է, բայց պատրաստ է վերակառուցումից հետո նորից այնտեղ ապրել։

Մայրը՝ Մարինե Խաչատրյանը, սակայն, վախենում է Թալիշ վերադառնալ։ Զոհված ազատամարտիկի այրին բողոքում է՝ տարիներ շարունակ իրենց ոչ մի ուշադրություն չեն դարձրել, այլևս չի ցանկանում «նորից անցնել այդ ամենի միջով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս