«Չինովնիկների ու պետական գործիչների միջև գալիք պատերազմն անխուսափելի է». Արեգ Գալստյան
The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրել երկիրն ու նրա ինստիտուտները, այլ ոչ ռեժիմն ու անձերին. ահա պետական գործչի փիլիսոփայությունը: Եթե ինչ-որ կոնկրետ չինովնիկ, թեկուզ և ամենաբարձրաստիճան մեկը, տարրական չիմացության պատճառով սխալներ է գործում կամ նպատակամղված ստոր արարքների է գնում, դա մնում է նրա նեղ բյուրոկրատական խղճին:
Պետական գործիչը ծառայում է ազգին, պաշտպանում նրա ժառանգությունն ու մետաֆիզիկական արժեքները: Այդ պատճառով էլ նա իրեն չի կարող թույլ տալ քայլեր, որոնք կարող են երկրին ամենափոքր վնասն իսկ հասցնել:
Չինովնիկն այն մարդն է, ով ծառայում է վերոբերյալ բյուրոկրատիային, իսկ պետական գործիչը երկու տարրերի է ծառայում` դրոշին ու զինանշանին:
Ցանկացած պետական ինստիտուտ պետական գործչի համար մեծ արժեք է, ու նա իրավունք չունի խփել դրանց՝ անձնական մոտիվներից ելնելով:
Կարևոր է ոչ թե նախագահի անձը, այլ նախագահի ինստիտուտը, ոչ թե վարչապետի անձը, այլ պառլամենտարիզմի ոգին, ոչ թե արտաքին գործերի նախարարը, այլ ազգային հետաքրքրությունները պաշտպանելու առաքելությունը, ոչ թե դատավորները, այլ Սահմանադրությունն ու օրենքը:
Այս երկու դասակարգերի` չինովնիկների ու պետական գործիչների միջև գալիք պատերազմն անխուսափելի է, և նրա արդյունքից կախված կլինի հայկական պետականության ապագան: Սրա ալտերնատիվը բյուրոկրատական ճահիճն է, որի ճիրանների մեջ նետված է մեր համազգային ապագան»:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը