Մարդու իրավունքների պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ ՄԻԵԴ-ում քննվող գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով:

Սա միջազգային փորձի և մարդու իրավունքների ազգային հաստատության կողմից բացառիկ նախաձեռնության լավագույն օրինակ է:

Եվրոպական դատարանում գործի քննությանը մասնակցությունը հնարավորություն կտա Պաշտպանին իր լիազորությունների իրականացման արդյունքում ձեռք բերված՝ կոնկրետ գործին առնչվող տեղեկությունները ներկայացնել դատարանին։ Մասնավորապես, Եվրոպական դատարանին կտրամադրվեն տեղեկություններ կապված պետության կողմից անազատության մեջ դիմողին պատշաճ և անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու հետ: Դատարան կներկայացվեն նաև քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության ապահովմանն առնչվող խնդիրները, որոնք վերաբերում են գանգատով բարձրացված հարցերին:

Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով Պաշտպանի գործունեությունը կրում է անաչառ և օբյեկտիվ բնույթ: Այն բնույթով բացառիկ է, քանի որ ապահովում է անարգել ու երաշխավորված իրավապաշտպան աշխատանք կապված անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հետ։ Ուստի, դատարանին տրամադրվող տեղեկությունները կնպաստեն գործի առավել բազմակողմանի քննությանը և բարձրացված խնդիրների համակարգային դիտարկմանը:

Եվրոպական դատարանում Հայաստանին վերաբերող գործերով բարձրացվող հարցերն ու դրանց լուծման ուղիները, այդ գործերով կայացված վճիռների կատարմանն առնչվող հարցերը շարունակելու են գտնվել Պաշտպանի ուշադրության ներքո:

Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ ՄԻԵԴ-ի նախագահ Գիդո Ռայմոնդին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղված պաշտոնական նամակում բարձր էր գնահատել Պաշտպանի աշխատանքի նոր սկզբունքները,  Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը և ընդգծել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները ճանաչվում են կարևոր աղբյուր, որոնց վրա հղումներ են կատարվում Հայաստանին վերաբերող վճիռների մեջ։

 

Տեսանյութեր

Լրահոս