«Սա համարում եմ ուշացած՝ նախորդ կառավարությունների հանցավոր անգործության պատճառով». Նաիրա Զոհրաբյանը՝ ԵՄ-ի հետ նոր հուշագրի վավերացման մասին

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին օրինագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանն ասաց, որ ծրագիրը շրջանակային է, որով մշակութային և տեսալսողական ոլորտներին աջակցություն է տրվում։

Նա ասաց, որ ծրագիրն ունի ենթածրագիր՝ մշակույթ և մեդիա, որի համար նախատեսված է 1.46 միլիարդ եվրո բյուջե, որը 9 տոկոսով գերազանցում է մինչ այդ եղած բոլոր ծրագրերը։ Փոխնախարարն ասաց, որ ծրագրին միանալու նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարությունը դեռևս 2013 թվականին է հայտնել, 2016 թվականին դիմել է այդ ծրագրին միանալու համար, իսկ 2018 թվականի մարտի 20-ին Բրյուսելում քննարկվել է ծրագրին ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Ն. Ղարիբյանն ասաց, որ Հայաստանը միացել է մշակույթ ենթածրագրին։

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքն այս հուշագրի վավերացնումը համարում է պատմական. «Սա համարում եմ ուշացած՝ նախորդ կառավարությունների հանցավոր անգործության պատճառով, այն ձգձգվել է տարբեր անհարկի պատճառաբանություններով, ու մեր ստեղծագործողները զրկված են եղել այս ծրագրի մշակույթ բաղադրիչին միանալուց։ Սա կարևոր եմ համարում նաև, որովհետև բոլորս ենք համարում, որ մեր պետությունը և բյուջեն չունի հնարավորություն՝ ֆինանսավորելու այն տաղանդավոր, սքանչելի ստեղծագործական նախաձեռնությունները, որ ունեն մեր երիտասարդ ստեղծագործողները։ Սա հրաշալի շանս է բոլոր տաղանդավոր մարդկանց համար՝ օգտվելու այս հնարավորությունից»։

Նա ասաց, որ պետք է նաև քայլեր ձեռնարկվեն մեդիա բաղադրիչին միանալու համար, և իրենք պատրաստ են այդ հարցով աջակցել կառավարությանը։

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն համաձայնագրին.

«Բայց պետք է որոշակի դիտարկումներ անեմ։ Չմոռանանք, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մեծագույն առավելությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն է, ու այս համաձայնագրի համատեքստում ոլորտային համաձայնագրերը գալիս են լրացնելու շրջանակային նոր համագործակցության հնարավորությունները։ Բայց շրջանը տրված է, ու տրված է 2015 թվականից սկսած, երբ վերսկսեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունները, և այն ամբողջությամբ դիտում ենք՝ որպես նախորդ իշխանությունների հաջողության պատմությունն արտաքին քաղաքականության ոլորտում»։

Տեսանյութեր

Լրահոս