
Եթե ընտանիքում կա զոհված, զինակոչման ենթակա անձը կազատվի ծառայությունից

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ օրինագծով առաջարկում են կատարել 3 փոփոխություն, որից 2-ի հեղինակը կառավարությունն է, 1-ինը՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը։
Նա ասաց, որ ըստ օրինագծի՝ եթե զինակոչման ենթակա անձն ունի զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, ազատվում է ծառայությունից։ Երկրորդ փոփոխությամբ՝ 19 տարին լրացած այն անձինք, որոնք դեռևս չեն ավարտել դպրոցական կրթությունը, ստանում են տարկետման իրավունք։ Հանձնաժողովի կողմից առաջարկվող փոփոխությունը վերաբերում է նրան, որ այն ուսանողները, որոնք տարկետման իրավունքով ընդունվել են համալսարան և այդ ժամանակ եղել են 17 տարեկան, ստանում են իրավունք ավարտելու ուսումը, հետո բանակ զորակոչվելու։