Բաժիններ՝

«Միաբջիջ մարդ է, ոչ մեկն այս երկրում չի կարող ինձ վարկաբեկել». ինչու է Ալիկ Սարգսյանը դիմել ՀՔԾ

ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է ինքը դիմել Հատուկ քննչական ծառայություն:

Ըստ նրա՝ 2008-2010թթ. Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վարդգես Հովակիմյանը փորձում է շանտաժի միջոցով իրենից գումար կորզել:

Հիշեցնենք, որ Հովակիմյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակ նամակ էր ուղարկել, որ դեռևս ոստիկանապետի պաշտոնում Ալիկ Սարգսյանն իր նկատմամբ շինծու մեղադրանք է ներկայացրել և քրեական գործ հարուցել բացառապես իր ունեցվածքին տիրանալու նպատակով։

«Միաբջիջ մարդ է, ոչ մեկն այս երկրում չի կարող ինձ վարկաբեկել: Ես մաքուր մարդ եմ, մաքուր եմ ապրել ու իմ խիղճը հանգիստ է, որիցևէ օրենքի առջև պատասխան տալու խնդիր ես չունեմ և չեմ ունենալու։ Իմ բոլոր արարքների համար պատասխանտու եմ»,- ասաց Ա.Սարգսյանը։

Ըստ նրա՝ մինչև հիմա ինքն ուղղակի լուրջ չի վերաբերվել, իսկ հիմա հասկացել է, որ մարդիկ վարկաբեկելու խնդիր ունեն, սակայն ինքը կորցնելու ոչինչ չունի։

Ա.Սարգսյանը սա «զրպարտության զուր փորձ» անվանեց և վստահեցրեց, թե ինքը երբեք ոչինչ չի թաքցրել, այդ թվում՝ իր ունեցած սեփականությունը:

«Ես բազմաթիվ անգամ ասել եմ, նորից կրկնում եմ՝ ես արժանավայել կյանքով եմ ապրել, իմ ամբողջ աշխատանքային ուղին մաքուր և անբիծ է անցել։ Ես զբաղվել եմ իմ գործով։ Ինչ կարողություն ունեմ, դրա համար համապատասխան բացատրություն և արդարացում ունեմ»,- ասաց պատգամավորը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս