
ՊՆ-ն խորհրդարանի արտահերթ նիստին կներկայացնի հանրակրթական ծրագիրը դեռ չավարտած տղաներին տարկետում տալու առաջարկը

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել առաջարկ կրթության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ:
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
Նա ընդգծեց, որ գործող կարգավորմամբ, եթե քաղաքացին արդեն իսկ 19 տարեկան է և նա ենթակա է զորակոչի, հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ հանրակրթական ծրագիրը դեռ չէր ավարտվել:
«Այս փոփոխությունը կապված է ՀՀ քաղաքացու կրթության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման հետ: Մենք առաջարկել ենք, որպեսզի Կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվի տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը: Հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն: Վաղը ԱԺ արտահերթ նիստին կքննարկվի այս հարցը»,- ասաց Բալայանը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը նշեց, որ այս պահին կա 10 զորակոչվող, ովքեր ՀՀ քաղաքացի են և վերադարձել են Ռուսաստանի Դաշնությունից՝ հայրենիքին ծառայելու նպատակով:
«Խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում հանրակրթական ուսումը 11 տարի է, իսկ Հայաստանում 12, և հայրենիք վերադարձած տղաները մեկ դասարան ավելի ցածր են նստում և ավարտում են արդեն 19 տարեկանում»,- ասաց Գաբրիել Բալայանը:
Եզրափակելով խոսքը՝ նա նկատեց, որ իրենք փորձել են Կառավարության անհատական ակտերով՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, արդեն իսկ 19 տարեկանը լրացած տղաներին տարկետում տրամադրել: