«Ձևավորվել է նոր օրակարգ, որը համարժեք արձագանք է պահանջում». Վիտալի Բալասանյան

Այն իրավիճակը, որն այսօր առկա է մեր հասարակության մեջ, երկար շարունակվել չի կարող, և, լոզունգների փոխարեն` պետք է գործնական քայերի գնալ:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Ինչպես մարտադաշտում, այնպես էլ քաղաքական դաշտում, խնդիրը պետք է հստակ լինի, այլապես պարտությունն անխուսափելի է: Հենց այս գիտակցումով թե՛ ի պաշտոնե և թե՛ որպես մեր երկրի մտահոգ քաղաքացի` նախաձեռնեցի հանդիպումների շարք խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների և հանրային մեծ հարգանք ունեցող գործիչների հետ: Նրանց հետ քննարկելով իրավիճակից դուրս գալու ուղիները` եկանք այն եզրահանգման, որ պետք է ստեղծել հանրային հարթակ և մի սեղանի շուրջ փոփոխությունների կողմնակից բոլոր ուժերի, մտահոգ քաղաքացիների, խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունների ներկայցուցիչների հետ քաղաքակիրթ պայմաններում քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները»,- ասել է Վ. Բալասանյանը՝ նշելով որ քննարկումների համար որպես ոչ պաշտոնական վայր ընտրվել է «Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս դահլիճը:

Խոսելով հանրային հարթակում կայացած երեք հանդիպումների արդյունքների մասին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ հիմնական քննարկումը անցկացվել է Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարի շուրջ, որը լիազորված կլինի հանրային խնդիրներին օպերատիվ արձագանքելու և դրանք իշխանությանը ներկայացնելու օրինական ուժով: Վ. Բալասանյանը նշեց, որ ուրախ է արձանագրել, որ բոլոր հանդիպումների ժամանակ մասնակիցները երկրի ներքին կայությունը առաջնային են համարել՝ որպես պայքարի միջոց դիտարկելով քաղաքակիրթ մեթոդները:

«Հուլիսի 9-ի հանդիպման ընթացքում քննարկվել է Հանրային խորհրդի կարգավիճակի երեք տարբերակ՝ Հանրապետության Նախագահին կից, օրենքով ամրագրված և հասարակական հիմունքներով գործող անկախ մարմին: Հաշվի առնելով, որ Խորհրդարանը ունի փորձագիտական ծառայություն՝ առաջարկել ենք նշված երեք տարբերակները ուսումնասիրել և Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխանող նախագիծ մշակել»,- նշել է Վ. Բալասանյանը և ընդգծել, որ ձևավորվել է նոր օրակարգ, որը համարժեք արձագանք է պահանջում:

Այն հարցին, թե արդյո ՞ք բոլորն են ընդունել հանրային հարթակի հանդիպումների հրավերը, Վ. Բալասանյանն ասաց, որ հրաժարվել են մասնակցել «Ազգային վերածունդ» ընդդիմադիր կուսակցությունը, «Արցախյան զարթոնք» և «Լույս Արցախին» շարժումների մասնակիցները՝ այն հիմնավորմամբ, որ դեմ են Նախագահ Սահակյանի պաշտոնավարմանը:

Վ. Բալասանյանը նշեց նաև, որ հանրային հարթակը բաց է, և բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրավիճակի հետ կապված առաջարկներ ներկայացնել, կարող են մասնակցել այդ հանդիպումներին:

Տեսանյութեր

Լրահոս