
«Լավրովը շատ ազնվորեն ցույց տվեց, որ բոլոր համանախագահներն ասելու են՝ սա ձեր գործն է». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը հայկական կողմի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախաձեռնությանը, կլինի առնվազն ոչ հրապարակային:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի աջակցի Հայաստանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախաձեռնությանը: Լավրովը շատ ազնվորեն ցույց տվեց, որ բոլոր համանախագահներն ասելու են՝ սա ձեր գործն է: Առնվազն հրապարակայնորեն որևէ քայլ չեն անելու: Եթե ինչ-որ բան էլ տեղի ունենա, ունենալու է այլ շերտերում»,- ասաց Ալավերդյանը:
Նրա կարծիքով, նաև պետք է ազատվել այն սխալ մտածելակերպից, թե Ադրբեջանի՝ Արցախի հարցին ուժային մեթոդով «լուծում տալու» փորձերն ինչ-որ ձևով կախված են Հայաստանի ակտիվ գործողություններից: Հակառակը՝ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը բացատրվում է Հայաստանի խաղաղ, պասիվ վիճակով: