
Ադրբեջանում շարունակում են հետապնդել իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնող օգտատերերին

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել այն անձանց, ովքեր, օգտվելով իրենց ազատ խոսքի իրացման իրավիունքից, սոցցանցերում գրառումներ են կատարում, որոնք չնայած ճիշտ և օբյեկտիվ լինելուն, հակասում են իշխանությունների տեսակետին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանում 14 անձ դատապարտվել է վարչական կալանքի, իսկ 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Այս ամենի համար պատճառ է հանդիսացել այն, որ օգտատերերը, անդրադառնալով Ադրբեջանում վերջին շաբաթների ընթացքում գրանցված էներգետիկ ճգնաժամին և Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի նկատմամբ մահափորձին, սոցիալական ցանցերում հայտնել են իրենց տեսակետը, ինչը իշխանությունների և իրավապահ մարմինների կողմից որակվել է որպես «ապoրինի կոչեր»:
Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը իր անձնական վերահսկողության տակ է վերցրել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի վրա հուլիսի 3-ի երեկոյան կատարված մահափորձից հետո հարուցված քրեական գործը:
Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել էին խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր:
Ավելի ուշ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասվում էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը: