Հայաստանում շվեյցարական «Swissquote» առցանց բանկը միջնորդավորված ներկայացնող FTH ընկերությունը ԿԲ կդիմի լիցենզիայի համար
Օրերս Հայաստանում շվեյցարական «Swissquote» առցանց բանկի գործունեություն ծավալելու մասին հայտարարած Financial Trading House (FTH) ընկերությունը առաջիկա երկու օրվա ընթացքում փաթեթ կներկայացնի Կենտրոնական բանկ ներդրումային ծառայություններ մատուցողի լիցենզիա ստանալու համար:
Այս մասին ԿԲ-ում կայացած հանդիպումից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց այդ ծառայությունները մատուցող, միջնորդի դեր ստանձնած Financial Trading House (FTH) ընկերության տնօրեն Անգին Ղուկասյանը: «Կենտրոնական բանկը մեր գործունեությունը նմանեցնում է որոշակի ներդրումային ծառայությունների, փաստաթղթերի ներկայացման փուլից հետո պարզ կդառնա, թե որ լիցենզիայից մենք կօգտվենք»,-ասաց Անգին Ղուկասյանը՝ հավելելով, որ հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում: Նա նշեց, որ առավոտյան արդեն հայտ էին ներկայացրել ԿԲ լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ստանալու:
Անգին Ղուկասյանի խոսքով՝ այս պահին իրենք շարունակում են ծառայություններ մատուցել, թյուրիմացությունը կհարթվի ու արդեն լիցենզիայով կաշխատեն: «Մենք բանկի ներկայացուցիչը չենք այստեղ, բանկային գործունեություն մենք չենք ծավալում, մեր գործը խիստ միջնորդական է»,-ասաց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ Կենտրոնական բանկից իրենց հավաստիացրել են, որ ամենակարճ ժամկետներում իրավական կազուսները կշտկվեն:
Հուլիսի 3-ին կայացել էր շվեյցարական «Swissquote» առցանց բանկի Հայաստանում գործարկման շնորհանդեսը, որին մասնակցել էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը և այլք:
Հուլիսի 9-ին, սակայն, ՀՀ կենտրոնական բանկը հաղորդագրություն տարածեց, որ Swissquote Bank-ը չունի Հայաստանում որևէ տեսակի բանկային կամ այլ ֆինանսական գործունեություն իրականացնելու իրավունք: Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերությունը լիցենզավորված չէ Կենտրոնական բանկի կողմից և համաձայն Հայաստանի օրենսդրության, իրավասու չէ Հայաստանում ներկայացնել, գովազդել, ծանոթացնել կամ միջնորդավորել Swissquote Bank-ը կամ նրա հետ կնքվող որևե գործարք: