Բաժիններ՝

«Քրիստոնեության ընդունումից հետո ՀՀ շատ արշավանքներ են եղել, երբևէ Վեհարանը գրավվե՞լ է». Գառնիկ Իսագուլյան

«Պետք է ամեն ինչ անել, որ այն գործընթացները, որ տեղի են ունենում ՀՀ-ում, ազդեցություն չունենան ՀՀ ներքին կայունության վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե միջազգային փորձագետները նշում են, որ Ադրբեջանը սպասում է ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին՝ Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Շատերն ասում են՝ սպասում են ֆուտբոլի ավարտին, մի մասն ասում են՝ ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջոցառմանը։ Երբևէ չենք ասում՝  վտանգը բացակայում է կամ իսպառ վերացած է: Մենք տեսնում էինք՝ Ադրբեջանի պարադի ժամանակ դիրքերում ինչ էր տեղի ունենում, դիրքերից տեխնիկա հետ չի գնացել: Դրա համար մեզ համար շատ կարևոր է մեր ներքին կայունությունը: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ ՀՀ-ում նույնիսկ կան ուժեր, որոնք  կուզենային՝ առաջնագծում ինչ-որ բաներ տեղի ունենար, որ մենք որոշակի կորուստներ ունենայինք՝ կապված այն փոփոխությունների հետ, որ տեղի են ունենում ՀՀ-ում»։

Հարցին՝ ո՞ր ուժերին նկատի ունեք, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Ես շփվում եմ շատերի հետ։ Որպեսզի մենք շատ չկենտրոնանաք, ես բոլորիդ հարց կտայի՝ Քրիստոնեության ընդունումից հետո ՀՀ շատ արշավանքներ են եղել, երբևէ Վեհարանը գրավվե՞լ է, թե՞ ոչ: Սրան ուշադիր հետևում են բոլորը։ Երեկ Վեհափառ Հայրապետը Նախիջևանի սահմանագծում էր, միևնույն ժամանակ Վեհարանը գրավված էր, մենք պետք է հասկանանք՝ ինչը՝ ոնց և երբ: Սա ինձ համար անընդունելի երևույթ է։

Առաջին անգամ եմ տեսնում, որ հայը կարող է ուրախանալ մյուս հայի դժբախտության համար: Մենք հիմա ուրախանում ենք, որ հարևանին բռնելու են, ասում ենք՝ քիչ է, դե պետք է գնդակահարեին: Վատ երևույթների դեմ պետք է պայքար տարվի, բայց դա չպետք է որևէ հայի ուրախության պատճառ դառնա, պետք է դառնա ցավի ու կարեկցանքի պատճառ։  Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ոմանց պատժելով՝ արժեահամակարգերի վերաբերյալ բացասական վերաբերմունք չստեղծենք»:

Խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումների մասին՝ Գ. Իսագուլյանը նշեց, որ այն երևույթները, ինչ ՀՀ-ում են տեղի ունենում, լրիվ տեղավորվում է թավշյա հեղափոխության տրամաբանության շրջանակներում. «Բայց մենք ցանկացած խնդրի լուծման պարագայում պետք է ամեն ինչ անենք, որ ոչ թե արժեհամակարգը տուժի, այլ՝ մեղավորները: Մանվել Գրիգորյանը կասկածվում է ինչ-որ բաների մեջ։ Բնական է, այն, ինչ հայտնաբերվեց, ցուցադրվեց, շատ զարհուրելի է, և ասել, որ բոլորը նոր իմացան այդ ամենի մասին, այդպես չէ, բայց, որ կարող ենք մեկ ժամ հետո ուրանալ մարդուն, դա էլ է անընդունելի, ու փորձել այդ անձի հետ կապված խնդրով համակարգը վարկաբեկել, դա էլ է անընդունելի ու աններելի»։

Գ. Իսագուլյանն ասաց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ բացահայտումներին ինքն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ իմացել է, երբ մասնակցում էին «Օրակարգ» հաղորդաշարին. «Երկուսս էլ անակնկալի եկանք: Անմիջապես իմ ներկայությամբ եղավ նախագահի հանձնարարականը՝ հիմնադրամի կատարածների վերաբերյալ հստակ տեղեկանքներ ներկայացնելու»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս