«Հայաստանում հանրային պահանջի արտահայտումը բավականին վիրտուոզ կերպով իրականացվեց». Գոնզալո Ուրրիոլաբեիտիա
Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան Հայաստանի և Արգենտինայի հարաբերությունները դիտարկում է երկու տեսանկյունից՝ պաշտոնական և երկու ժողովուրդների հարաբերությունների բուն էությունը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում դեսպանը հիշեցրեց, որ Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամական հարաբերությունները շատ վաղ ժամանակներից են սկսել, իսկ ինտենսիվ դարձել են 20-րդ դարասկզբին, երբ հայերը գնացել են Արգենտինա։
«Արգենտինայի հայկական համայնքը մեծ դերակատարություն ունեցող համայնք է, բոլոր այն հայերը, որոնք հիմնավորվել են այնտեղ, հենց նրանք հանդիսացան Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր և սերտ կապերի զարգացման հիմքը։ Բավականին ուժեղ համագործակցություն է առկա երկու երկրների միջև, դրա մասին խոսում է նաև պաշտոնական այցերի վիճակագրությունը. Հայաստանի երեք նախագահներն այցելել են Արգենտինա, արտգործնախարարներն այցելել են Արգենտինա, և Արգենտինայի երեք արտգործնախարար այցելել է Հայաստան։ 26 տարիների ընթացքում բոլոր այդ պաշտոնական այցելությունները, ներդրումները, տնտեսական հարաբերությունները արդյունքն են այն հին պատմական հարաբերությունների, որոնք երկու երկրների միջև վաղուց էին ձևավորվել»,- պարզաբանեց դեսպանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե «թավշյա հեղափոխությունն» ինչպե՞ս է ազդել Հայաստան-Արգենտինա հարաբերությունների վրա, ինչպիսի՞ն կլինեն երկկողմ հարաբերությունները դրանից հետո։
«Այն, ինչ կատարվեց Հայաստանում, հանրային պահանջի արտահայտումն էր, որը բավականին վիրտուոզ կերպով իրականացվեց, որովհետև ամեն ինչ եղավ խաղաղ ցույցերի արդյունքում։ Յուրաքանչյուր փոփոխություն իր հետ սպասելիքներ է բերում։ Եթե հետ գնանք պատմության ակունքներին, բոլոր այն հայերը, որոնք Հայաստանի համար ծանր ժամանակահատվածով պայամանավորված՝ հասել են Արգենտինա, բավականին սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ։ Բոլոր այդ արգենտինահայերի կապը Հայաստանի հետ չի արտահայտվում միայն էմոցիոնալ ֆոնով, նրանք այստեղ ներդրումներ ու նվիրատվություններ են անում, նրանց հիմնական նպատակը Հայաստանում աշխատանքներ իրականցնելն է՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար»,- ի պատասխան՝ ասաց դեսպանը։
Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հույս հայտնեց, որ արգենտինահայերի այդ պատրաստակամությունը շատ ավելի ակտիվ կլինի. «Դեսպանատան համար միշտ առաջնային է եղել Արգենտինայում հայկական համայնքի հետ համագործակցելը, նրանց օժանդակելը, և սպասվում է, որ փոփոխություններից հետո որակական նշանակալից թռիչք կապահովվի Արգենտինայի հայ համայնքի կողմից՝ այստեղ ավելի լայնածավալ գործողություն իրականացնելու համար»։
Հարցին, թե ի՞նչ ծավալների ներդումների մասին է խոսքը, նա այսպես պատասխանեց.
«Ներդրումների հիմնական ծավալն այն նախագծերի շրջանակներում է, որոնք արդեն առկա են՝ «Էռնեկյան» հիմնադրամի, Կոնվերսբանկի, օդանավակայանի գործունեության արդյունքում եղած ներդրումներն են, որոնք բավականին լայն ծավալներ ունեն։ Մյուս կողմից՝ կան նոր նախագծեր, նույն Էռնեկյանի կողմից իրականացվող, որովհետև վերջին շրջանում ձեռք է բերվել ԱԳՆ նախկին շենքը, և այնտեղ պատրաստվում են կառուցել բիզնես կենտրոն։ Այսինքն՝ նոր նախագծեր ևս սպասվում են։ Ներդրումների մյուս ուղղությունը, որն արգենտինահայերն իրականացնում են, Տավուշի մարզում է, որտեղ կառուցվում են ջերմոցային տնտեսություններ. գրեթե 120 ջերմոց արդեն կառուցվել է այնտեղ»։