Փրկարարները գտել են մոլորված արշավախմբին
Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 800 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:
Բարձր ջերմաստիճանով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը: Գրանցվել է մոտ 350 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 120 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Աջափնյակ, Կենտրոն, Լոռի, Արաբկիր, Նոր Նորք, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն վարչական շրջանների եւ Արմավիրի ու Սյունիքի փրկարարները:
Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: 10 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:
Այլ կանչեր: Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ «Պարզ լիճ» կոչվող տարածքում 12 հոգանոց արշավախումբը մոլորվել է: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներին եւ ուղեկցել Դիլիջան քաղաք։