ԵԿՄ նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին. «ԵԿՄ բաժանմունքներում չկա մեկը, որն Արամ Սարգսյանի թեկնածությանը դեմ լինի»

Օրերս ԵԿՄ վարչության փոխնախագահների, ԵԿՄ մարզային խորհուրդների, Երևանի և մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել ԵԿՄ ակտիվի նիստ, որի ժամանակ որոշել են վարչության նախագահի պաշտոնում առաջադրել ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանն ասաց, որ իրենք Աշտարակի ձորում ինքնաբուխ հավաք են անցկացրել, որին մասնակցել են ԵԿՄ մարզխորհրդի նախագահները, ու  բոլորը դրական են արտահայտվել Ա. Սարգսյանի թեկնածության վերաբերյալ:

ԵԿՄ Աշտարակի տարածքային բաժանմունքի նախագահ Գեղամ Սմբատյանն էլ նկատեց, որ ԵԿՄ-ում վարչության նախագահ չկա, ԵԿՄ-ն շատ ծանր կացության մեջ է հայտնվել, ու պետք է ընտրել այնպիսի վարչության նախագահ, որը բոլորի կողմից ընդունելի կլինի: Նրա խոսքով՝ եղավ Արամ Սարգսյանի թեկնածության առաջարկը, որը նա ընդունեց: Ըստ նրա՝ եթե չլինի պետական հովանավորություն, կազմակերպությունը պահելն անհնար է:

«Բոլոր բաժանմունքի նախագահներն ու մարզխորհրդի նախագահներն իրենց զորակցությունը հայտնեցին, որ կանգնած են Ա. Սարգսյանի կողքին: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ բոլոր ընտրող մարմինները պատվիրակներ են ընտրել, որոնք մասնակցելու են համագումարին ու ընտրելու են վարչության նախագահին»,- նշեց Գ. Սմբատյանը՝ հավելելով, որ նրանք, ովքեր այս օրերին իրենց թեկնածությունն առաջադրելու մասին են խոսում, պետք է իմանան, որ ԵԿՄ բաժանմունքներում չկա մեկը, որն Արամ Սարգսյանի կողմնակիցը չլինի:

Հ. Հայրապետյանն էլ նշեց, որ ԵԿՄ համագումարը պետք է անցկացնել սեղմ ժամկետում. «Կա նաև ֆինանսական խնդիր, քանի որ արգելանքի տակ են ԵԿՄ դրամական հաշիվները, և մենք որոշեցինք, որ ճիշտ կլինի՝ համագումարն անցկացնենք սեպտեմբերին: Ստեղծելու ենք նախաձեռնող խումբ, ու ցանկացած ԵԿՄ անդամ, որը կցանկանա մասնակցել այդ նախաձեռնող խմբի աշխատանքներին, դռները բաց են»:

Խոսելով մամուլում շրջառավող այն լուրերի մասին, որ Սեյրան Օհանյանը, Սեյրան Սարոյանը և Արայիկ Խուդավերդյանն էլ են պատրաստվում առաջադրվել ԵԿՄ նախագահի պաշտոնում՝ Հ. Հայրապետյանն ասաց, որ Ս. Օհանյանը և Ս. Սարոյանը նման ցանկություն չեն հայտնել. «Կա կանոնադրություն՝ ով կարող է ընտրել կամ ընտրվել: Արայիկ Խուդավերդյանը գուցե եղել է ԵԿՄ անդամ, բայց հիմա ինքը որևէ տեղ հաշվառված չէ, եթե նա հաշվառված լիներ, նա կարող էր ինքնաառաջադրվել»:

Տեսանյութեր

Լրահոս