Ավտոմեքենաներով մոտեցել են 3 անձ, կացնով սպառնացել են և գառներ են գողացել. ավազակային հարձակումը բացահայտվել է
Հուլիսի 7-ին՝ ժամը 03.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հերթապահ մաս զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ Գառնիի սարից իրենց գառները գողանում են:
Նույն օրը՝ ժամը 03.30-ին, մեկ այլ քաղաքացուհուց նմանատիպ հաղորդում է ստացվել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի թեժ գծին. զանգահարած կինը հայտնել է նաև, որ Գառնիի սարերից իրենց գառները գողանում են մոտ 25 դիմակավորված անձինք:
Հուլիսի 7-ին՝ ժամը 12.00-ին, 1981 թ. ծնված Խազազ Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 02.00-ի սահմաններում, Գառնիի սարերում գտնվող անասնատեղիում «Նիվա» և «ԿամԱԶ» մակնիշների ավտոմեքենաներով իրեն են մոտեցել 3 անձ /տվյալները պարզվում են/, որոնցից մեկը՝ դիմակով. «Նիվա»-ի վարորդը կացնով սպառնացել է իրեն և գողացել գառներ՝ դիմելով փախուստի և վրաերթի ենթարկելով գառներին և ոչխարներին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի և Հրազդանի բաժինների ծառայողների և Աբովյանի քննչական բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավազակային հարձակումը կատարել են 1966 թ. ծնված Անդրանիկ Դ.-ն, 1970 թ. ծնված Արտավազդ Ղ.-ն, 1969 թ. ծնված Ներսես Խ.-ն, 1979 թ. ծնված Գարի Ա.-ն և 1974 թ. ծնված Արթուր Մ.-ն:
Կատարվում է քննություն: