
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի պատարագ կմատուցվի

Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի։ Այս մասին հայտնել է Պոլսո Հայոց պատրիարքարանը:
Ուխտագնացությունները դեպի Սուրբ Խաչ եկեղեցի իրականացվում են 2010 թվականից, սակայն վերջին երեք տարիներին թուրքական իշխանությունները արգելում էին ամենամյա պատարագի անցկացումը՝ պայմանավորելով դա «առկա վտանգներով»: Այս տարի արարողակարգը կատարելու արտոնություն է ստացվել:
Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնում է, որ այս տարի պատարագը կմատուցվի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին նորոգումից հետո վերաբացվել է 2007 թվականին: Այն միակն է պատմական Հայաստանի տարածքում, որտեղ վերանորոգումից հետո գմբեթին խաչ է բարձրացվել:Հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող եկեղեցիներից մեկն այժմ թանգարանի կարգավիճակ ունի: Տարին մեկ անգամ` Խաչվերաց տոնին նախորդող կիրակի օրերին է միայն եկեղեցում թույլատրվում պատարագ անցկացնել: