
Մեքենան ընկել է «Խորենի լիճը». դուրս բերելու համար պահանջվել է հատուկ տեխնիկա

Հուլիսի 8-ին՝ ժամը 20:06-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Խորենի լիճ» կոչվող լճակի մեջ մեքենա է ընկել:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ «Mazda» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., 1983թ.) ավտոմեքենան Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110,5 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել «Խորենի լիճ« կոչվող լճակի մեջ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը՝ Մ. Մ.-ն ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով. Մ. Մ.-ն հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել են ափին: Ավտոմեքենան դուրս բերելու համար պահանջվել է հատուկ տեխնիկա: