Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունն արել է՝ կանխելու համար ինչ-որ անցանկալի ձևակերպումներ
Հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ
– Պարոն Գրիգորյան, Վաշինգտոնում Սմիթսոնիան հաստատության ժողովրդական կենցաղի փառատոնի ժամանակ, որը հսկայական իրադարձություն է համարվում, Հայաստանն է ներկայացվել։ Այդ իրադարձության շրջանակներում ԱՄՆ-ում էր ՀՀ նախագահը։ Ձեր կարծիքով՝ հայ-ամերիկյան հարաբերություններում ջերմացո՞ւմ է նկատվում, «թավշյա հեղափոխությունն» ինչպե՞ս է ազդել երկու երկրների հարաբերությունների վրա։
– Ես կարծում եմ, որ հետաքրքրությունը մեր նկատմամբ ավելի մեծացել է, բայց մեզանից է կախված, որ դա նաև արտահայտվի նրանով, որ ԱՄՆ-ը մեզ է՛լ ավելի մեծ աջակցություն տա «Հազարամյակի մարտահրավերների» և այլ ծրագրերի շրջանակներում։ Հետաքրքրությունն է՛լ ավելի է բարձրացել նաև նրա արդյունքում, որ սկսեցինք կոռուպցիայի դեմ պայքարել։ Պարզ է՝ պետք է աշխատել, որ այդ հետաքրքրությունը տեղափոխվի նաև համագործակցության դաշտ։ ԱՄՆ-ը բազմիցս ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր է Հայաստանի համար, բայց հիմա սկսվել է ոչ ֆորմալ պայքար, և բնական է, որ հետաքրքրությունը բարձրացել է։
– Բրյուսելում հուլիսի 11-12-ին կայանալիք ՆԱՏՕ-ի Վեհաժողովին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն նա ասել է, որ Վեհաժողովին կմասնակցի, եթե դրա հռչակագրի վերջնական տեքստում «արտառոց բան չպատահի»։ Ի՞նչ «արտառոց բան» կարող է լինել։
– Միգուցե Ղարաբաղի հետ կապված, հետխորհրդային տարածքում հակամարտությունների հետ կապված նախադասություններ պետք է լինեն։ Հիմա Հայաստանն իրենց հետ աշխատում է, որ այդ տեքստը նորմալ լինի։ Հայտնի է, որ 2 տարի առաջ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագրում տեղ գտավ այդ նախադասությունը՝ կապված նախկին ԽՍՀՄ տարածքում հակամարտություններին, այդ թվում՝ Ղարաբաղի մասին, և ձևակերպումը բավականին լավն էր։ Ես չեմ բացառում, որ հիմա էլ ինչ-որ ձևակերպում պետք է լինի, և Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունն արել է՝ կանխելու համար ինչ-որ անցանկալի ձևակերպումներ։ Բայց ես համոզված եմ, որ հայկական կողմի հետ դա կհամաձայնեցվի, ու վարչապետը կմասնակցի Վեհաժողովին։
– Հայ-ամերիկյան, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ջերմացումն այս փուլում Ռուսաստանի համար որևէ սպառնալիք պարունակո՞ւմ է: Ինչո՞ւ էին վերջին շրջանում ռուս փորձագետները մտահոգություն հայտնում, որ ՀՀ վարչապետը մեկնելու է Բրյուսել։
– Նախ՝ Ռուսաստանում շատ կան փորձագետներ, և տարբեր փորձագետներ տարբեր կարծիքներ են հնչեցնում, տարբեր պատգամավորներ նույնպես տարբեր տեսակետներ ունեն։ Հիմա մենք ամեն մեկի հետևից չպետք է ընկնենք, չէ՞։ Երկրորդ՝ հայ-ամերիկյան հարաբերությունները միշտ ջերմ են եղել, և մեծ տեղաշարժ չեմ տեսնում, որը Ռուսաստանի մոտ մտահոգություններ կարող էր առաջացնել։ Ուստի, այստեղ ոչ մի խնդիր չկա։ Ուղղակի մենք, այո՛, շատ զգայուն ենք, և ցանկացած հայտարարության, որ արվում է Ռուսաստանում, արձագանքում ենք։ Պարզ է, պետք է ուշադիր լինենք, բայց մեկն անկեղծ է ասում, մյուսին Ադրբեջանն է կաշառում, մենք բոլորին չպետք է արձագանքենք։ Երբ հայ-ամերիկյան համագործակցության ծավալները լրջորեն ավելանան, նոր պետք է մտածենք Ռուսաստանի արձագանքի մասին։
– Ի՞նչ կարծիք ունեք Եվրանեսթում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ ընդունված հրատապ բանաձևի մասին, և արդյոք ԵՄ անդամ երկրները կհասցնե՞ն վավերացնել համաձայնագիրը մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թ. ընտրությունները:
– Այդ հայտարարության նպատակն է, որ ԵՄ անդամ երկրներն արագացնեն տեխնիկական գործընթացները։ Մեզ ձեռնտու է, որ դրանք ավարտվեն մինչև տարվա վերջ։ Հասկանալի է, որ որքան շուտ ավարտվի վավերացումը, այնքան շուտ պայմանագիրը լիովին ուժի մեջ կմտնի։ Ու քանի որ այնտեղ կան շատ ծրագրեր, որոնց համար Հայաստանին անմիջական ֆինանսավորում է հատկացվելու, ակնհայտ է, որ մենք շահագրգռված ենք, որ պայմանագիրը շուտ վավերացվի։ Կարծում եմ՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունը նորմալ է, բայց նաև դրա ծավալը պետք է ավելացնել՝ ունենալով նման փայլուն համաձայնագիր։ Մեզանից շատ բան է կախված՝ ինչքան շատ ծրագրեր իրականացնենք, այնքան շատ օգուտ կստանանք՝ և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական, և՛, ամենակարևորը, արժեհամակարգի հետ կապված։
Այժմ մենք պետք է դիվանագիտական խողովակներով, խորհրդարանական հարթակում աշխատենք ԵՄ անդամ երկրների հետ, որ իրենց խորհրդարաններն արագ վավերացնեն։ 6-7 երկիր արդեն վավերացրել է, մնում է 21-22 երկիր։
– Դուք որևէ խնդիր տեսնո՞ւմ եք վավերացման ճանապարհին։
– Ոչ։ Կարծում եմ՝ վավերացումը դժվար չի լինի անել։ Զուտ տեխնիկական հարցեր են, տարբեր երկրներում տարբեր օրենսդրական համակարգեր են, վավերացումը տարբեր պրոցեդուրա է անցնում։ Որևէ երկրից չենք լսել որևէ առարկություն, ուղղակի պետք է աշխատել, որ արագ լինի։