«Հայ-ռուսական հարաբերությունների հարցում ՀՀ իշխանությունների անզգուշությունը հղի կլինի հզոր ցնցումներով»
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների հարցում ՀՀ իշխանությունների անզգուշությունը հղի կլինի հզոր ցնցումներով։ Այս մասին հուլիսի 7-ին տեղի ունեցած «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. իրողություններ և արդի մարտահրավերներ» խորագրով համաժողովին իր ելույթում նշեց Մանուկյանը:
«Էթնիկ կոնստանտների բովանդակությունը փոխվում է շատ ավելի դանդաղ, քան քաղաքական պրոցեսների պարբերություններ են։ Հետևաբար, Հայաստանի հասարակությունում պրոռուսական կողմնորոշումը դեռևս շատ երկար ժամանակ հասարակական և քաղաքական պրոցեսների վրա կունենա բացահայտ և լատենտ հզոր ազդեցություն»,- նշեց Սամվել Մանուկյանը:
Նա անդրադարձավ նաև Ռուսաստանի ու Եվրոպայի նկատմամբ հայերի դիրքորոշումների դինամիկային՝ նշելով, որ պրոեվրոպական դիրքորոշման մակարդակը վերջին շրջանում աճել է հատկապես մարզային քաղաքներում:
«Վերջին հինգ տարիների ընթացքում պրոեվրոպական դիրքորոշումների մակարդակն աճել է համարյա բոլոր սոցիալ-ժողովրդագրական խմբերում: Մանավանդ մարզային քաղաքներում, որտեղ առավել ինտենսիվ են գործում միջազգային կազմակերպություններից աջակցություն ստացող հասարակական կազմակերպությունները»,- ասաց Մանուկյանը:
Նա ընդհանրացրեց նաև վերջին 6 տարիներին Ռուսաստանի նկատմամբ հայերի դիրքորոշումների վիճակի, դինամիկայի և կառուցվածքի մասին հետազոտությունները: Այս տարիների ընթացքում պրոռուսական դիրքորոշումը հասարակության շրջանում նվազել է 5%-ով, բայց Մանուկյանը իշխանություններին խորհուրդ է տալիս չշտապել երկու պետությունների հարաբերությունների կտրուկ փոփոխություններում, քանի որ դրանք կարող են ծանր հետևանքների հանգեցնել: