«ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին ոչ ստանդարտ մոտեցումներ են անհրաժեշտ». Տարասով

«Մինսկի խումբը դոփում է տեղում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հայտնել էր, որ առաջիկայում ծրագրվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել: Այս մասին համանախագահն ասել էր ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը:

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի զգայունությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռևս խուսափում են այս թեմայով որևէ հրապարակային հայտարարություններից: «Եռյակի» համապատասխան հայտարարությունը կլինի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրվող հանդիպման արդյունքներով: Մենք ակնկալում ենք, որ դրա ժամկետներն առաջիկայում կհրապարակվեն»,- ասել էր Պոպովը:

Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին հաջողվել է նախարարների հանդիպման գոնե նախնական պայմանավորվածություն ձեռք բերել նախիջևանյան և արցախյան ուղղությամբ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, դրական հանգամանք է: Սակայն, ըստ նրա, հարցն այն է, թե ինչ կխոսեն նախարարները, ինչ եզրահանգման կգան, ինչ արդյունքներով կավարտվի հանդիպումն ու ինչպես կանդրադառնա շփման գծի վրա:

«Կասկածում եմ, որ մեծ առաջընթաց կարող է լինել այս ֆրոնտում՝ հաշվի առնելով ադրբեջանական հռետորաբանությունը և այն իրավիճակը, որում հայտնվել է Մինսկի խումբը, որի աշխատանքների շրջանակում Ադրբեջանը բանակցում է, բայց ելույթներում խոսում հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու պատրաստակամության մասին, նոր որևէ գաղափար չկա: Ակնհայտ է, որ այն ձևը, որով աշխատել են համանախագահները, իրեն չի արդարացրել և չի արդարացնելու, Մինսկի խումբը դոփում է տեղում, իրավիճակն այսօր ավելի սրված է, ոչ ստանդարտ մոտեցումների կարիք է նկատվում, բայց չկան նման մոտեցումներ: Նույնիսկ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին վերադառնալու մասին է դժվար խոսել այսօր, որովհետև ժամանակի ընթացքում իրավիճակ է փոխվել, նոր մարտահրավերներ են առաջացել»,- նման տեսակետ հայտնեց Տարասովը: Ըստ նրա, բավականին մեծ բացասական ազդեցություն է թողել իրավիճակի վրա բանակցություններին Արցախի մասնակցության մասին Փաշինյանի պնդումը, որը վաղ թե ուշ պետք է իրականանա:

Տարասովի դիտարկմամբ՝ այս փակուղուց դուրս գալու և բանակցությունները կառուցողական հուն տեղափոխելու համար նախ համանախագահները կողմերի հետ պետք է հստակեցնեն բանակցվող թեմաները և ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերեն: Նա վստահեցնում է, որ առանց հստակ բանակցային օրակարգի հնարավոր չէ որևէ արդյունք ստանալ այս հանդիպումներից: «Իսկ հստակ օրակարգ ակնհայտորեն չկա, քանի որ կողմերից յուրաքանչյուրն իր տեսակետն է առաջ մղում, իսկ համանախագահները սպասում են, բոլոր կողմերը սպասում են ինչ-որ բանի, թե ինչի կամ ում միջամտությանը՝ հայտնի չէ»,- ասաց Տարասովը:

Ռուս քաղաքագետը հույս հայտնեց, որ Մնացականյան-Մամեդյարով առաջիկա հանդիպումը բեկումնային կլինի ՄԽ համանախագահության աշխատանքի տեսանկյունից, որի շնորհիվ շփման գծում իրավիճակ կփոխվի: «Եթե չփոխվի, Ադրբեջանը հայտարարում է ռազմական ճանապարհով լուծելու մասին, իսկ Փաշինյանը կոչ է անում պատրաստ լինել, թե ինչ է սա նշանակում` լավ գիտենք»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս