Բաժիններ՝

«Երբ դուրս գանք, շատ ենք ուզում տարբեր համեղ ուտելիքներ ուտել». քարանձավում արգելափակված երեխաները նամակ են գրել ծնողներին ու ուսուցիչներին

Թայլանդի հյուսիսում հեղեղված քարանձավում արգելափակված 12 դպրոցականները, ովքեր միևնույն ֆուտբոլային ակումբի խաղացողներ են, ու նրանց 25-ամյա մարզիչը կարողացել են փոխանցել հարազատներին գրված նամակը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թայլանդի ռազմածովային ուժերի լողորդների թիմը, որն այս օրերին աշխատանքներ է տանում քարանձավում, թվիթերում հրապարակել է նամակի լուսանկարները: Նամակը գրված է տետրի վեց էջի վրա, որոնք երեխաները փոխանցել են այն լողորդի հետ, ով հուլիսի 6-ին նրանց էր հանձնել հարազատների նամակը: Նշենք, որ 11-16 տարեկան երիտասարդ ֆուտբոլիստների ծնողներն ու բարեկամներն արդեն երկու շաբաթ է՝ բնակվում են քարանձավի մուտքի մոտ գտնվող վրանային ճամբարում:

«Մեզ մոտ ամեն բան լավ է, բոլորն առողջ են, մի անհանգստացեք: Երբ դուրս գանք, շատ ենք ուզում տարբեր համեղ ուտելիքներ ուտել: Երբ դուրս գանք, ուզում ենք անմիջապես տուն գնալ: Հարգելի ուսուցիչներ, խնդրում ենք՝ դեռ մեզ շատ տնային հանձնարարություն մի տվեք»,- գրել էին աշակերտները:

Առանձին էջով նամակ է գրել նաև մարզիչը: Նրան հանրության մի մասն այս օրերին մեղադրում են անպատասխանատու լինելու և հորդառատ անձրևի նախօրեին երեխաներին քարանձավ տանելու համար, իսկ մյուս մասը համարում է հերոս, ում շնորհիվ երեխաները քարանձավում 9 օր առանց սննդի կարողացել են ողջ մնալ: «Շնորհակալ եմ, որ բարոյապես աջակցում եք մեզ: Խնդրում եմ բոլոր ծնողներին՝ ներել ինձ: Խնդրում եմ ներել նաև ձեր երեխաներին, ովքեր գնացին քարանձավ՝ առանց ձեզ ասելու»,- գրել է նա:

Դեռահաս ֆուտբոլիստներն ու նրանց մարզիչը հունիսի 23-ին գնացել էին քարանձավ, որը հեղեղվել էր սկսված հորդառատ անձրևների հետևանքով՝ խմբի համար անհնարին դարձնելով դեպի ելք վերադառնալը:

Քարանձավի մոտ երեխաների հեծանիվներն ու մարզչի մոտոցիկլը հայտնաբերելուց հետո սկսվել էին նրանց որոնողական աշխատանքները: Նրանց կարողացել էին հայտնաբերել միայն 10-րդ օրը՝ սուզորդներն ու Թայլանդի ռազմածովային ուժերի լողորդները՝ քարանձավի մուտքից 5 կմ հեռավորության վրա:

Փրկարարների աշխատանքները, որում ներգրավված են մի քանի հազար մարդ և ծանր տեխնիկա, շարունակվում են արդեն գրեթե 2 շաբաթ: Քարանձավից երեխաների դուրս բերման աշխատանքները բարդացել են այն հանգամանքով, որ դեռահասներից ոմանք լողալ չգիտեն:

Փրկարարական աշխատանքներին մասնակցող սուզորդներից մեկը, ով թթվածնային բալոններ էր հասցնում քարանձավում արգելափակվածներին, մահացել է:

Թայլանդի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ երեխաների տարհանման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, գործողությունը պետք է տեղի ունենա մոտ օրերս, քանի որ առաջիկայում հորդառատ անձրևներ են սպասվում, ինչը զգալիորեն կարող է ավելացնել քարանձավում առկա ջրի մակարդակը՝ վտանգ դառնալով այնտեղ մնացածների կյանքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031