Բաժիններ՝

Տարրական դասարաններում երեխաները շատ են ծանրաբեռնվում. ահազանգում են ծնողները

Տարրական դասարաններում երեխաները շատ են ծանրաբեռնվում: Ազատ ժամանակ չեն ունենում խաղալու, հանգստանալու համար: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց երկրորդ դասարանի աշակերտ Կարենի մայրիկը` Ռուզաննան:

«Տղաս շատ է հոգնում: Հանձնարարությունները մեծաքանակ են ու բարդ: Ու դա դասերից խուսափելու, չսովորելու պատճառ է դառնում»,-ասաց նա:

Ծնողների համոզմամբ, երեխաների միտքը չպետք Է ծանրաբեռնել հասակին անհամապատասխան ու ծավալուն նյութերով: Հակառակը` պետք է այնպես անել, որ նրանք դեպի դպրոց ձգտեն:

«Առաջադրանքներ կան, որոնք տարրականների համար իսկապես բարդ են: Չկարողանալով կատարել հանձնարարված առաջադրանքը` երեխաները հիասթափվում են, չեն ուզում դպրոց գնալ: Օրինակ տղաս, դժվար է նրան համոզել դասերով զբաղվել, չի էլ ուզում դպրոց գնալ»,- ասաց երրորդ դասարանի աշակերտ Կոլյայի մայրիկը:

Իսկ տիկին Նելլիի մտահոգությունները միայն հանձնարարություններին չէին վերաբերում: Նրա հավաստմամբ, գրքերն էլ ծանր են. «Որդիս պայուսակը դժվարությամբ է տանում: Փորձում ենք հնարավորինս քիչ իրեր տեղավորել, բայց միևնույնն է, ծանր է ստացվում»:

Վերոնշյալ հարցերի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը զրուցեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ: «Յուրաքանչյուր հանրակրթական դպրոցում կա առարկայական ծրագիր, ըստ որի իրականացվում է դասապրոցեսը: Բացի այդ, կատարվում է փորձագիտական հետազոտություն կրթության ազգային ինստիտուտի կողմից: Հաշվի է առնվում տարիքային յուրաքանչյուր առանձնահատկություն: Իսկ գրքերի ծանրության մասին խնդիրը միշտ էլ եղել է: Այն համաձայնեցվում է Առողջապահության նախարարության հետ: Բայց վերոնշյալ խնդիրն առաջիկայում ուսումնասիրվելու է»,-ընդգծեց նա:

Սոնա Մկրտչյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս