Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Գավառ քաղաքի կրթամշակութային և մարզական հիմնարկներ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Գավառ քաղաքի նախադպրոցական, կրթամշակութային եւ մարզական հիմնարկներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, նրան ուղեկցում էր Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Այցի առաջին կանգառը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի նախկին թիվ 6 մանկապարտեզն էր, որն անգործության է մատնվել 2011 թվականից, իսկ շենքը գտնվում է անբարեկարգ վիճակում: Մարզպետը տեղում վստահեցրեց մանկապարտեզի վերագործարկման խնդիրն առաջ քաշած հացառատցիներին, որ Գավառի քաղաքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսների ընթացքում շենքի մի մասում հիմնանորոգման աշխատանքներ կատարելու եւ մանկապարտեզը վերաբացելու ուղղությամբ:

«Որոշակի ներդրում կկատարի Գավառի քաղաքապետարանը, որոշակի գումար կփորձենք գտնել կառավարության միջոցներից կամ այլ աղբյուրներից եւ կանենք հնարավորը, որպեսզի առաջիկա ամիսների ընթացքում վերաբացվի մանկապարտեզը, բարեկարգվի շենքի բակը»,-բնակիչներին հավաստիացրեց մարզպետը:

Գավառ քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցում Իշխան Սաղաթելյանը մասնակցեց Զոհրապ Բալաբեկյանի անվան նախնական զինվորական պատրաստության նորորգված դասասենյակի բացման հանդիսավոր արարողությանը: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հայորդու անունը կրող դասասենյակի հիմնանորոգումն ու կահավորումն իրականացվել է Գավառի քաղաքապետարանի միջոցներով:

Զոհրապ Բալաբեկյանի փառքի անկյունում ծաղիկներ դրեցին մարզպետ Իշխան Սաղաթելյանը, քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, դպրոցի տնօրեն Վլադիմիր Սարգսյանը:

«Քանի դեռ մենք մեծարել գիտենք մեր հերոսներին, մեր հայրենիքը կանգուն կմնա: Մենք ուժեղ ու ամուր ենք այսպիսի հերոս տղաներով: Կարծում եմ, որ Զոհրապը ոչ թե զոհվել է, այլ անմահացել սերունդների հիշողության մեջ»,-ներկաներին դիմեց մարզպետը:
Իշխան Սաղաթելյանն այցելեց նաեւ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի թիվ 2 միջնակարգ դպրոցի շինհրապարակ, որտեղ դպրոցական շենքը կառուցվում է հիմքից՝ պետական միջոցների հաշվին, 1 միլիարդ 283 միլիոն դրամի ներդրմամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ աշնանը: Ինչպես զեկուցեց շինարարության պատասխանատուն, աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան, առանց խնդիրների կամ ձգձգումների:

Գավառի մարզադպրոցում մարզպետը ծանոթացավ մարզական խմբակների գործունեությանը, մարզումներին , հանրապետական ու միջազգային մրցաշարերում գրանցված նվաճումներին, զրուցեց մարզադպրոցի տնօրենի, մարզիչների եւ մարզիկների հետ՝ քաջալերելով նրանց:

Գավառի քաղաքային գրադարանում տնօրենը մարզպետին ներկայացրեց գրադարանային ֆոնդը, առանձին բաժինները, ցուցադրությունները, առաջիկա միջոցառումների թեմատիկան, ձեռք բերված հաջողությունները:

Գավառի երիտասարդական կենտրոնում մարզպետի ուշադրությանը ներկայացվեցին երիտասարդական նախաձեռնությունները, գործունեության մշակութային, կրթական, ռազմահայրենասիրական, ձեռնարկատիրության եւ այլ ոլորտային ուղղվածությունները, կենտրոնում ստեղծված լավագույն ու ժամանակակից պայմանները:

Մարզպետն աշխատանքային այցն ավարտեց Գավառի քաղաքապետարանում՝ քաղաքապետարանի աշխատակազմի հետ քննարկելով աշխատանքային ընթացիկ հարցեր:
«Աշխատանքային այցին նախորդել էր Հացառատ թաղամասի բնակիչների ընդունելությունը, որի ժամանակ էլ բարձրացվել էր մանկապարտեզի վերաբացման խնդիրը, ինչը և քննարկել ենք քաղաքապետի հետ ու փորձում ենք լուծել համատեղ ուժերով:

Սկզբից մանկապարտեզը կգործի շենքի մի մասում, ապա հետագայում այն կհիմնանորոգվի ամբողջությամբ: Նորակառույց դպրոցի շինարարությունն ընթանում է սահմանված ժամանակացույցին համաձայն, և մենք շատ շուտով կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան դպրոց: Անչափ տպավորված եմ մարզադպրոցի առօրյայից, խմբակների հագեցվածությունից, մարզիկների տեսքից, նվաճված մրցանակների քանակից:

Որոշեցինք, որ սեպտեմբերից Գավառի մարզադպրոցում կազմակերպելու ենք մարզային մրցումներ մի քանի մարզաձևերից, որպեսզի մարզի մյուս համայնքներում էլ փորձենք աշխուժացնել մարզական կյանքը:Լավ տպավորություն թողեց նաև քաղաքային գրադարանի աշխատանքային առօրյան, գրական հարուստ ֆոնդը, բարեկարգ պայմանները: Այստեղ որոշեցինք կազմակերպել ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին:

Երիտասարդական կենտրոնում էլ նպատակասլաց ու արդյունավետ աշխատանք է իրականացվել: Այն բավարար ներուժ ունի՝ քաղաքի երիտասարդներին ընդգրկելու կրթական, մշակութային, ռազմահայրենասիրական ծրագրերում, ձեռնարկատիրական նախագծերում: Իսկ նման կարգի այցերը ոչ միայն ճանաչողական բնույթ ունեն, այլ դառնում են բանալի՝ խնդիրները տեղում վեր հանելու և գործնական քայլերի գնալու համար»,-աշխատանքային այցից ստացած իր տպավորություններն ամփոփեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս