Բաժիններ՝

«Անհրաժեշտ են օրինական արդար ընտրություններ, դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է պատշաճ կազմակերպել». ԱՄՆ դեսպան. «Ամերիկայի ձայն»

Հայաստանի հետ հարաբերությունները միշտ մեծ հետաքրքրություն է ներկայացրել Միացյալ Նահանգների, ԱՄՆ-ի ղեկավարության համար: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

– Արդյոք այս նոր Հայաստանը, Հայաստանը որ խոստանում է զարգացնել ժողովրդավարությունը, ավելի մեծ հետաքրքրություն կներկայացնի Միացյալ Նահանգների համար: Բանն այն է, որ այստեղ Վաշինգտոնում որոշ փորձագետներ մինչ ապրիլյան իշխանափոխությունը նշում էին, որ Վաշինգտոնի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ սառում է:

– Կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները միշտ մեծ հետաքրքրություն է ներկայացրել Միացյալ Նահանգների, ԱՄՆ-ի ղեկավարության համար: Դա կարևոր հարաբերություններ են և միշտ եղել են այդպիսիք: Մենք ակնկալում ենք համագործակցել նոր կառավարության հետ:

– Որպես դեսպան, ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի կառավարության քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում:

– Առաջին հերթին այդ մասին պետք է դատեն Հայաստանի քաղաքացիները, նրանք պետք է որոշեն, թե որքան ճիշտ է կառավարությունը կարգավորում խնդիրները: Իմ կողմից կասեմ, որ իմ կարծիքով կառավարության հաղորդագրությունը, որ սա նոր էջ է, շատ ուժեղ էր եւ շատ արդյունավետ: Նրանք մեզ ազդանշան են տվել, որ ցանկանում են նոր հայացք գցել կոռուպցիայի դեպքերի վրա, սակայն, իմ կարծիքով ավելի կարեւոր է ամրապնդել նոր կառույցներ, նոր օրենքներ, որոնք կապահովեն համակարգի արդարությունը, կապահովեն, որ կոռուպցիայի խնդիրը կարող է հաղթահարվել համակարգային ձեւով: Դա իրոք շատ կարեւոր է: Մենք ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության եւ մի շարք այլ ծրագրերի միջոցով քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ավելի մեծ աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարում, այս հաստատությունների կառուցման գործում, որպեսզի կոռուպցիան երկարաժամկետ բացառվի: Մենք ակտիվ քննարկումներ ենք անցկացնում կառավարության հետ այս հարցերի շուրջ:

– Վերջին հարցը՝ հայ-ամերիկյան հարաբերություններում մոտ ապագայում ինչ զարգացումներ են սպասվում:

– Կարծում եմ, երկու կառավարությունների, երկու ժողովուրդների՝ թե հայ ժողովրդի եւ Հայաստանին սատարող ամերիկացի ժողովրդի համար առաջիկա առավել մեծ իրադարձությունն ընտրություններն են: Ինչպես ասել է Հայաստանի վարչապետը, դա իրա առաջնահերթություն է: Մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ են օրինական արդար ընտրություններ, եւ որ դրանք պետք է անցնեն այնքան շուտ, որքան հնարավոր է դրանք պատշաճ կազմակերպել: Դա իրոք առավել կարեւոր իրադարձությունն է: Մենք ցանկանում ենք օգնել, աջակցել այդ գործընթացին:

Տեղյակ եմ նաեւ, որ Եվրամիության կազմում Հայաստանի բարեկամները նույնպես ցանկանում են աջակցություն ցուցաբերել, լինի դա նոր ընտրական գործընթացին աջակցության տեսքով թե Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամրապնդման տեսքով, որը, եւ դա մենք հրապարակային ենք ասել, ամրապնդվելու կարիքն ունի, որպեսզի կարողանա հետաքննել խախտումների մասին դիմումները: Այսինքն, որ հայ ժողովուրդը վստահի ընտրական գործընթացին: Այնպես որ, մենք կենտրոնացած ենք ընտրությունների վրա, որպես հաջորդ կարեւոր քայլի: Ես ուրախ եմ, որ վարչապետը նույնպես դրանց վրա է կենտրոնացած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս