Բաժիններ՝

«Սա Ծովակում երկար տարիներ սպասված ծրագիր էր». գյուղապետ

Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում պետական միջոցների հաշվին մեկնարկում են մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը, մշակույթի տան հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմել է 30 միլիոն դրամ, իսկ շինարարական մրցույթը շահվել է 22 միլիոն 644 հազար դրամով:

«Նախատեսվում է հիմնանորոգել շենքի տանիքը, փոխել դռներն ու լուսամուտները, կատարել արտաքին ու ներքին հարդարման որոշակի աշխատանքներ: Ջեռուցման համակարգի կառուցման եւ կահավորման համար լրացուցիչ միջոցներ ներգրավելու կարիք կլինի: Մշակույթի տունը, որտեղ տեղավորված է նաեւ գյուղապետարանը, չի հիմնանորոգվել իր շահագործման պահից ի վեր՝ 1966 թվականից սկսած: Տարիների ընթացքում շենքը քայքայվել ու համարյա կորցրել էր պիտանիությունը շահագործման համար:

Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա հոկտեմբերին: Մշակույթի տան շահագործմամբ մեր երեխաները հնարավորություն կունենան՝ ակտիվորեն ներգրավվելու մարզական կամ արվեստի ու մշակույթի խմբակներում: Սա Ծովակում երկար տարիներ սպասված ծրագիր էր, որը, վերջապես, կյանքի է կոչվում»,- նշեց համայնքի ղեկավարը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում Ծովակում մեկնարկում է եւս մեկ կարեւոր ծրագիր. տեղական բյուջեի միջոցներից ներդրված 3 միլիոն 600 հազար դրամի հաշվին հիմնանորոգվում է «Խարաբեք» թաղամասի խմելու ջրատարի ներքին ցանցը՝ 1170 մետր երկարությամբ: Նոր ու զարգացող թաղամասին սպասարկող այդ ջրատարը եւս քայքայվել է: «Երկաթե խողովակներն ամբողջությամբ փոխարինվելու են պոլիէթիլենային խողովակներով: Թաղամասի 34 ընտանիք կապահովվեն մշտական խմելու ջրով, իսկ առաջիկա տարիներին այստեղ բնակության եկող նորաստեղծ ընտանիքները եւս ջրատարից օգտվելու հնարավորություն կունենան»,-շարունակեց Գարիկ Հակոբյանը:

Առաջիկա օրերին Ծովակում մեկնարկելու է նաեւ գիշերային լուսավորության ցանցի կառուցման երկրորդ փուլը, որն իրականացվում է «Վիվասել ՄՏՍ»-ի եւ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանություն» կազմակերպության միջոցների հաշվին:

«Նախորդ տարի այդ կազմակերպությունների միջոցներով Ծովակում կառուցվել է 1 կիլոմետր 150 մետր երկարությամբ գիշերային լուսավորության ցանց: Այս տարի դարձյալ դրանց միջոցներով եւս նույնքան ցանց կկառուցվի, որով կավարտվի ծրագրի երկրորդ փուլը: Նախատեսվում են նաեւ ծրագրի երրորդ ու չորրորդ փուլեր, որոնք կիրականացվեն առաջիկա երկու տարում»,-ամփոփեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս