Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանումներ է ներկայացրել նորակոչիկների ընդունման, տեղավորման և ուսումնական գործընթացի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջների համաձայն, զորակոչի նախապատրաստական և իրագործման փուլում զորամասերի հրամանատարների հրամանով անձնակազմի հետ աշխատելու փորձ և մանկավարժական ունակություններ ունեցող սպաներից նորակոչիների ընդունման, տեղավորման և ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով ձևավորվում են խմբեր:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նշված խմբերը դիմավորում են զորամաս ժամանած նորակոչիկներին, ողջույնի խոսք ուղղում, կարճ տեղեկություններ հաղորդում զորամասի առօրյայի վերաբերյալ, որից հետո սկսում են իրականացնել համապատասխան աշխատանքներ:
Առաջին օրը բոլոր նորակոչիկների հետ անցկացվում է ծանոթական զրույց, որի արդյունքների վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում նորակոչիկների «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկներում», հեռախոսակապ է հաստատվում նորակոչիկների ծնողների հետ և նրանց տեղեկություն տրամադրվում իրենց որդու զինվորական ծառայությունը տվյալ զորամասում անցնելու վերաբերյալ: «Անց է կացվում նորակոչիկների բուժզննում և արդյունքները գրանցվում համապատասխան մատյաններում և նորակոչիկների բժշկական գրքույկներում, նորակոչիկները ուսուցանվում են համազգեստի և կոշիկների կրման, անկողնու հարդարման կանոններին, նորակոչիկներին ծանոթացնում են զորամասի տարածքին և օրվա կարգացուցակի հետ, զորամասի հրամանատարության կողմից պատրաստվում է նամակ նորակոչիկների ծնողներին, որտեղ նշվում է զորամասի ուղորդվածությունը, որդիներին այցելությունների կարգը»,-գրել է նա:
Երկրորդ օրը՝ նորակոչիկներին ծանոթացնում են՝ զորամասի կազմավորման պատմությանը և անցած մարտական ուղու հետ, զինծառայողների ընդհանուր իրավունքներին ու պարտականություններին, զինվորական ծառայության օրենսդրական և ենթաօրենսդրական հիմքերին, ՀՀ ԶՈւ կանոնադրություններին, զինծառայողների անհատական և հասարակական հիգիենայի պահպանման կանոններին, պարենային, իրային և դրամական ապահովման նորմերի հետ, զինվորական ծառայության անվտանգության ապահովման կանոնների հետ: «Երրորդ օրվանից նորակոչիկներն անցնում են երիտասարդ մարտիկի պատրաստության պարապմունքներին` մինչև 20 ուսումնական օր տևողությամբ, որի ավարտին տալիս են զինվորական երդում: Մինչև զինվորական երդում ընդունելն արգելվում է նորակոչիկներին տեսակցելն ու նրանց ազատ արձակում չի տրամադրվում:
Զինվորական երդման արարողությունները կազմակերպվում են զինվորական փառքի կամ պատմամշակութային վայրերում` հանդիսավոր կերպով: Երդման արարողության օրվա և վայրի վերաբերյալ զորամասի հրամանատարությունը նախօրոք տեղեկացնում է նորակոչիկներին ու նրանց ծնողներին: Երդման արարողությունից հետո նորակոչիկներին տվյալ կայազորի տարածքում հատկացվում է մինչև 6 ժամ տևողությամբ ազատ արձակում:
Երդման արարողությանը հաջորդում է 5-ամսյա ուսումնական փուլը: Նշված ժամանակահատվածում, համաձայն հաստատված գրաֆիկի, շաբաթ և կիրակի օրերին զինծառայողներին` այդ թվում նորակոչիկներին, կայազորի տարածքում տրվում են ազատ արձակումներ,-նշված է գերատեսչության խոսնակի հայտարարության մեջ:
Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը զորամասերում հայտարարվում է «Բաց դռների օր », որի ժամանակ ծնողներին հնարավորություն է տրվում այցելել զորամաս ու ծանոթանալ իրենց որդիների ծառայության վայրին, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող սննդի որակին:
Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին, ոչ պակաս 5 ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի հրամանատարի կողմից` օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն, տրվում է հիմնական արձակուրդ` 10 օր տևողությամբ: «Բացի այդ պարտադիր ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցիչ արձակուրդ` 5 օրացուցային օր տևողությամբ.
ա) զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար` խրախուսման կարգով,
բ) ընտանեկան պայմաններից ելնելով` զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում»,-գրել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ այս զորակոչից բոլոր նորակոչիկներին կենտրոնական հավաքակայանում տրվում են «Տեղեկատվական գրքույկներ», որտեղ ներկայացված են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման դրույթները, զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները: