ՀՀ արտգործնախարարն ընդունեկ է ԱՊՀ գործադիր քարտուղարին

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 6-ին ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին:

Ողջունելով հյուրին` նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՊՀ դերակատարությունն անդամ երկրների միջև համագործակցության զարգացման գործում և շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեությանը բոլոր ուղղություններով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Սերգեյ Լեբեդևը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը կազմակերպության նախաձեռնություններում և գոհունակություն հայտնեց այդ ուղղությամբ Հայաստանի ներկայացուցիչների հետ ավանդական ակտիվ համագործակցության առնչությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԱՊՀ գործադիր քարտուղարը մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում մշակութային համագործակցության շուրջ՝ այդ համատեքստում ընդգծելով Գորիսը որպես ԱՊՀ 2018թ․ մշակութային մայրաքաղաք հայտարարելը։

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լեբեդևը քննարկեցին ԱՊՀ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։

Նախարար Մնացականյանը ԱՊՀ գործադիր քարտուղարին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, Կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը շարունակելու ակտիվ մասնակցությունը ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, այդ թվում ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Տեսանյութեր

Լրահոս