Բաժիններ՝

Գեղեցիկ կառույցներ, մեծ ներդրումներ, միջազգային հանդիպումների վայր

Ղազախստանի Հանրապետության գլխավոր քաղաքը՝ Աստանան նշում է պաշտոնապես մայրաքաղաքի կարգավիճակ ստանալու 20-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է «Կազինֆորմ»-ը, 1997 թվականի հուլիսի 6-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է համապատասխան հրամանագիր: Ներկայում Աստանան Եվրասիայի քաղաքական և տնտեսական կենտրոնն է:

Քաղաքի կառուցման գլխավոր ֆինանսական աղբյուրը ներդրումներն են: «Մենք կարողացել ենք միջազգային ներդրողներից ստանալ առանց տոկոսի վարկ 10 տարի ժամկետով: Դրանից բացի, բազմաթիվ օբյեկտներ կառուցվել են դրամաշնորհներով եւ առանց փոխհատուցման ներդրումներով»,-ասել է Ղազախստանի նախագահը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ մոտ 20 տարի առաջ հայտարարվել էր Աստանայի նախագծման մրցույթ, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց քաղաքների կառուցապատման միջազգային կենտրոնների շրջանում: Այդ ժամանակ ստացվել էր 50-ից ավելի նախագիծ Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Կորեայից, Բուլղարիայից և այլ երկրներից: Դրանցից 27 նախագիծ ընտրվել է մրցույթի շրջանակում դիտարկելու համար: Արդյունքում հաղթել է ճապոնացի առաջավոր ճարտարապետ Կիսյո Կուրոկավան: Նա ներկայացրել էր յուրատեսակ նախագիծ «Կյանքի սկզբունքը» անվամբ:

2002 թվականին մայրաքաղաքում սկսեց կառուցվել քաղաքի խորհրդանիշը, որը համարվում է հիմնական տեսարժան վայրերից մեկը` Բայտերեկը: Այն ճարտարապետ Ակմուրզա Ռուստեմբեկովի աշխատանքն է: Մեկ տարի անց սկսվեց խոշորագույն նավթագազային ընկերության շտաբի, ավելի ուշ՝ նախագահի նստավայրի շինարարությունը: Ներկայիս տեսքը քաղաքը ստացավ 10 տարի անց:

Աստանան մայրաքաղաք լինելուց բացի, համարվում է նաև միջազգային հանդիպումների, քննարկումների, տարբեր գագաթնաժողովների անցկացման կենտրոն:

2017 թվականին այստեղ հաջողությամբ անցկացվեց «Էքսպո-2017» ցուցահանդեսը, որին մասնակցել է աշխարհի 40-ից ավելի երկիր: Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի «Ապագայի էներգիա» խորագիրը Ղազախստանին հաղորդում է ոգի և ձգտում՝ շարժվելու առաջ, զարգանալու և նվաճելու նոր բարձունքներ:

1997 թվականից Աստանայի բնակչությունն ավելացել է ավելի քան 3 անգամ: 2017 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ պաշտոնապես մայրաքաղաքում ապրում է 1 026 181 մարդ: Մայրաքաղաքի ծննդատներում օրական ծնվում է 75-80 երեխա:

Լուսանկարները՝ Կազինֆորմ-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս