«Մինչև վերջին վայրկյանը պարզ չի լինի՝ կխաղա՞ Կավանին, թե՞ ոչ». Օսկար Տաբարես
Ուրուգվայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը խոսել է Աշխարհի 2018 թվականի առաջնության մասին:
«Այս Աշխարհի գավաթը պատմության լավագույններից է: Իմ կարծիքով՝ լավագույնը»,- հայտարարել է Տաբարեսը: Տաբարեսը խոսել է նաև այսօր կայանալիք Ուրուգվայ-Ֆրանսիա հանդիպման մասին՝ խոսելով նաև Կավանիի վնասվածքի մասին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել 1/8 եզրափակչի Ուրուգվայ-Պորտուգալիա խաղի 74-րդ րոպեին: «Վնասվածքից հետո նա շատ հիասթափված էր: Կավանին շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, նա շատ լավ մարզավիճակում է և շատ լավ խաղաց Պորտուգալիայի դեմ: Նա սկսեց մարզվել անմիջապես վնասվածք ստանալուց հետո: Նա անում է ամեն բան արագ վերականգնվելու համար:
Մենք անընդհատ նորություններ ենք լսում Կավանիի մասին: Բժիշկները խոսեցին նրա վիճակի մասին: Մենք դեռ մի քանի ժամ ունենք ամեն ինչ հասկանալու համար: Մինչև վերջին վայրկյանը պարզ չի լինի՝ կխաղա՞ Կավանին, թե՞ ոչ: Շատերը կասեն, որ մենք թաքցնում ենք իրականությունը և ադպես խաղում ենք, սակայն դա այդպես չէ: Միայն խաղից առաջ պարզ կլինի՝ ինչպես է նա»,- նշել է Տաբարեսը:
Հիշեցնենք, որ Ուրուգվայ-Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան