«Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ԱԺ-ում պետք է ընտրվեն համամասնական բաց ցուցակով»
Ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանի կարծիքով՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ԱԺ-ում պետք է ընտրվեն համամասնական բաց ցուցակով: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդինե Գրիգորյանի փաստմամբ, փակ ցուցակ՝ չի նշանակում գաղտնի, այն հասանելի է բոլորին:
«Մենք առաջարկում ենք, որ անկախ 101 պատգամավորի համար սահմանված ընտրակարգից, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների 4 պատգամավորների համար լինի համամասնական, բայց բաց ցուցակ: Հետևաբար, ժողովուրդն ընտրելու իրավունք ունենա: Փակ ցուցակի դեպքում ժողովուրդը, փաստորեն, չի ընտրում կուսակցությունը»,-ասաց Իրինա Գասպարյանը:
Նրա կարծիքով՝ նախորդ տարի ընտրված պատգամավորն իրենց ընտրած ներկայացուցիչը չէ: Ժողովուրդը պետք է որոշի՝ ում տալ ձայնը: Գասպարյանը նշեց, որ մի քանի օր առաջ այդ խնդրով հանդիպում են ունեցել Կառավարության ներկայացուցիչների հետ:
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդինե Գրիգորյանի հավաստմամբ, փակ ցուցակ՝ չի նշանակում գաղտնի: Այն հասանելի է բոլորին կուսակցության գրանցման պահից:
«Բոլորը գիտեն, թե ովքեր են այդ կուսակցությունում: Քվոտաներն ապահովում են, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ովքեր ավելի մրցունակ են, ներկայացվեն ԱԺ-ում»,- նշեց նա:
Գրիգորյանը հավելեց նաև, որ տարբերակված մոտեցում չկա ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ: Նրա կարծիքով՝ բարձրացված շատ հարցեր կարող են լուծվել կուսակցությունների հետ համագործակցության արդյունքում:
«Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են փորձել այնպես անել, որ ներկայացվեն այն անձինք, ում իրենք հարմար են գտնում: Արդար ընտրությունների դեպքում կուսակցությունների միակ ռեսուրսը, որով իրենք դիմում են ԱԺ մանդատ ստանալու, որակյալ թեկնածուներն են: Եթե թեկնածուն ընդունելի չէ ազգային փոքրամասնության համար, չի ընտրվի այդ կուսակցությունից»,- ասաց նա: