«Ռուս եկեղեցու պետի խնդրանքով՝ Գեղարդից մի փոքրիկ հատված տվել ենք նրանց». Լարված իրավիճակ Մայր Աթոռում
«Անշուշտ, հնարավոր է կաթողիկոսի հրաժարականը, բայց դրա համար պետք են հիմնավոր փաստեր, ոչ թե մերկապարանոց հայտարարություններ։ Մեզ ոչ մի խելամիտ, ռացիոնալ փաստ չի ներկայացվել»,- այսօր Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այսօր մի խումբ երիտասարդներ մուտք են գործել Մայր Աթոռ Սուրբ Էջիմիածնի դիվանատուն՝ պահանջելով Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը։
«Ինձ համար սա ահազանգ է, որ հայ մարդու կողմից կարող է այսպիսի գործողություն կազմակերպվել և իրականացվել։ Այսօր մենք ունենք հաղորդակցության լայն հնարավորություններ, և հատկապես իշխանափոխության ֆոնի վրա կարող ենք մեր հիմնավորումները ներկայացնել։ Կարիք չկա ֆիզիկական ուժի գործադրման, ներխուժման միջոցով սեփական կարծիքը հասանելի դարձնել»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ միշտ փորձել են հարցը երկխոսության ճանապարհով լուծել, բայց չի տեսել ներկայացված փաստեր, ներկայացվածը, ըստ նրա՝ վերջնագիր է։
«Կաթողիկոսից ի՞նչ արձագանք պետք է լինի վերջնագրային լեզվով խոսելու դեպքում։ Այն ամենը, ինչ իրականացվում է հայր Կորյունի ղեկավարությամբ, մեր եկեղեցական պրակտիկայում միանշանակորեն համապատասխան պատժամիջոցների ենթարկվում է։ Թե ինչպիսի պատիժ կկիրառվի, հանձնաժողովը կորոշի։ Եկեղեցականի կողմից ղեկավարվում է մի շարժում, որն իր գործողություններով բացարձակապես չի տեղավորվում եկեղեցական կանոնական դրույթների և պահանջների մեջ»,- պարզաբանեց Արշակ Սրբազանը։
Նա ասաց, որ հավաքվածների հետ հանդիպել են, խնդրել, կոչ արել, որ թողնեն բողոքի արտահայտման այս ձևը։ Հենց այդ պահին հավաքվածները սկսեցին բղավել՝ հոգևորականներին մեղադրելով իրենց նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։
Սրբազանն ասաց, որ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկություն չունի. «Եթե որևէ դիմադրություն եղել է, դա եղել է պաշտպանության նպատակով, որովհետև ներս են խուժել դիվանատուն, խանգարվել է եկեղեցու բնականոն գործունեությունը»։
Ինչ վերաբերում է հավաքի կազմակերպիչների այն հայտարարությանը, թե Սուրբ Գեղարդի մի կտորը նվիրվել է ռուս քաղաքապետի, սրբազանն ասաց, որ Գեղարդը չի վնասվել, որևէ կտոր չի պոկվել դրանից։
«Մեր եկեղեցիների շփման պրակտիկայում գոյություն ունի մասունքների փոխանակման փորձառություն։ Մասունքներ ունեցել ենք Գրիգոր Լուսավորչի շրջանից սկսած։ Այո, ռուս եկեղեցու պետի խնդրանքով՝ Գեղարդից մի փոքրիկ հատված տվել ենք նրանց։ Գեղարդը չի վնասվել, չի կոտրվել»,- պարզաբանեց նա՝ չկարողանալով, սակայն, բացատրել, թե մասն ինչպես է հանվել։ Միայն նշեց, որ պատկերավոր լեզվով չի կարող ներկայացնել, չի կարող նկարագրել։