
Թուրքիայի նախագահ Էրդողանի ունեցվածքը

Հունիսի 24-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո թուրքական «Resmi gazete» պաշտոնաթերթը հրապարակել է տեղեկատվություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նյութական կարողության մասին։
Ըստ տեղեկության՝ Էրդողանը թուրքական 3 տարբեր բանկերում ընդհանուր հաշվով ունի 6մլն 347.000 թուրքական լիրա, որը համարժեք է մոտ 1.5 մլն դոլարի։
Էրդողանն իր ծննդավայրում՝ Ռիզեյի Գյունեյսու շրջանի Դումանլը գյուղում, ունի 10.000 լիրա արժողությամբ հողատարածք։ Իսկ Ստամբուլի Ուսքյուդար (Սկյուտար) թաղամասում ունի մոտ 800.000 դոլարանոց տուն։
Էրդողանին պատկանում է «Audi A8» մակնիշի 1 ավտոմեքենա։ Այն արժե մոտ 50.000 դոլար։
Նշվում է նաև, որ Էրդողանը մոտ կես միլիոն դոլար պարտք է թուրք գործարար Մեհմեթ Գյուրին, ումից ժամանակին գնել է երկու շքեղ առանձնատուն։