Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ և կողմ կողմերը քննարկում են անցկացնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ջերմուկ քաղաքում ընթանում է քննարկում Ամուլսարի հանքի շահագործման խնդրի առնչությամբ։

Քննարկմանը մասնակցում են «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիները, ինչպես նաև կառավարության անդամները։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հանքի շահագործման հարցը պետք է դիտարկել երկու խնդրի համատեքստում։

«Առաջինը՝ հանքի շահագործման հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների որակի և երկրորդը՝ հանքի շահագործման հնարավոր ազդեցությունը Ջերմուկի՝ որպես առողջարանային կենտրոնի վրա»,-ասաց վարչապետը։ Վարչապետը նշեց, որ այս երկու դեպքում էլ հնարավոր է երկու պատասխան՝ այո, հանքի շահագործումը կարող է բացասական հետևանք ունենալ ջրերի ու Ջերմուկի վրա, և ոչ՝ բացասական ազդեցություն չունենալ։ «Ուզում եմ հասկանալ, կարող ենք եռակողմ վստահելի մեխանիզմ ստեղծել, որպեսզի ունենանք վերջնական ու անառարկելի պատասխան այս հարցերի շուրջ»,-ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ ի վերջո չեն լինի մարդիկ, ում չեն հետաքրքրի փաստերը և առաջ կտանեն իրենց ճշմարտությունը։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց բազմիցս հնչեցրած իր միտքը, որ կառավարության՝ հանքերի շահագործման հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն փաստերի և ոչ զգացմունքների վրա։ «Եթե մենք այս իրավիճակում որևէ ապօրինություն անենք, եթե ոչ մեր տեսակետից, այլ միջազգային հարաբերությունների տեսակետից, ապա կարող ենք շատ բարդ խնդիրների առաջ կանգնենք»,-հավելեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը չբացառեց վարկածը, որ Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկը լինի որոշակի ուժերի կողմից, որպեսզի Հայաստանին մեծ դատական գործընթացների մեջ ներքաշեն։ Այս մտքին ի պատասխան՝ հանքի շահագործման դեմ արտահայտվող քաղաքացիները ասացին՝ «այդպես չէ»։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ չունի որևէ շահագրգռվածություն այս հարցում, չունի կաշկանդվածություն որևէ անձից, իր համար գերակա է Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահը։ «Իմ անձնական համակրանքով ամեն ծառն ավելի թանկ է, բայց վարչապետի կարգավիճակում ես պետք է լինեմ հավասարակշռված»,-հավելեց վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս