Բաժիններ՝

Մի լուսանկարի պատմություն. «Այրվող այգեստաններ»-ի այրված սիրտը

Երբեք չեմ կարող մոռանալ Մահարու հետ իմ «ծանոթությունը»: Ամառային արձակուրդներին հորս աշխատասենյակի գրապահարանից օգտվելու թույտվություն էի ստանում: Ամեն մի գիրք վերջացնելուց հետո սկսվում էր նորի փնտրտուքը, և ես հերթով վերցնում և դնում էի գրապահարանի գրքերը, մինչև որևէ գունավոր կազմ կամ հետաքրքիր նկար կգրավեր իմ ուշադրությունը: Մի անգամ, երբ հերթական գիրքն էի փնտրում, ձեռքս ընկավ Մահարու «Երիտասարդության սեմին»-ը: Առաջին էջին հեղինակի մակագրությունը կար. «Սիրելի Անդրանիկին, լույսի և ստվերի վարպետին և նարդու աշակերտիս»: Պատանեկան հետաքրքրությունս տեղի տվեց, և ես մի շնչով կարդացի այդ գիրքը, հետո «Ծաղկած փշլարեր»-ը, «Այրվող այգեստաններ»-ը:

Որոշ ժամանակ անց հորս՝ Անդրանիկ Քոչարի դիմանկարների շարքում տեսա Մահարու լուսանկարը: Հայրս հաճախ է տարբեր առիթներով հանդիպել նրան: Այդ «հումորով անձին հանդեպ» նա յուրօրինակ համակրանք էր տածում: Հիշեցի, որ նկարի հետ կապված պատմություններ էլ կային: Փնտրեցի և գտա.

«Աֆորիզմներս ու մանրապատումներս միայն Մահարուն էի կարդում: Համակրանքս մեծ էր այդ հումորով անձին հանդեպ. թեպետ հակառակ զգացում ալ ունեի՝ որդին հայ չմեծացնելուն համար: Ի՞նչ անենք, որ կինը Բալթիկայից Հյուսիս քշված և Հյուսիսից իր հետն էր բերած: Իսկ Գուրգենչիկը հայերեն բարևիս կպատասխաներ «չտո»: Սիբիրն իսկ չկոտրեց քու հայու ոգիդ, բայց տղադ քեզ կանչում է «մահ արի»:

Լուսանկարելու համար հայրս մի քանի անգամ է այցելել Մահարուն. «Առաջին անգամ երբ լուսանկարելու համար եղա մոտը, ամառ էր, պատշգամբը նստած մեկ-մեկ բաժակ օղիով ողողեցինք կոկորդներս: Ինքը, որ պիժամայով էր, հարցուց.

-Վարպե՛տ, ի՞նչ հագվիմ:

-Չպիտի հագվիք, վարպե՛տ, այլ հանվիք,- ըսի:

-Լու՞րջ, հանվի՞մ,- ըսավ զարմացած:

Բացատրեցի միտքս.

-Կուզեմ նկարս քանդակի տպավորություն թողնի՝ մերկ կուրծքով:

-Վարպետը կարգադրեց, պետք է ենթարկվեմ:

Արդյունքը տեսավ 1957 թվի անհատական ցուցահանդեսիս: Ու խնդրեց՝փակումից հետո ունենալ տանը:

Մի քանի տարի անց իր նոր տանը հպարտությամբ պատմում էր. «Վիլյամ Սարոյանը նկարդ շատ-շատ հավանեց. իսկ Իդա Քարը ասաց. «Հայաստանում միակ փորտրետը, որ տեսա, սա է»:

Հ.Գ. Մահարին էլ մի քանի առիթներով հիշատակել է հորս: Թորոս Թորանյանի հետ զրույցի ժամանակ, երբ վերջինս «Այրվող այգեստաններ» գրքի վերաբերյալ զրուցելու էր եկել, կես կատակ, կես լուրջ ասել էր, որ վերջերս հանդիպել է Եգիպտոսից եկած մի լուսանկարչի. «Մի արւեստագէտ լուսանկարիչ ունենք, հա, յիշեցի, Անդրանիկ Քոչարը, կարծես Քոչարները մեր մօտ քիչ էին, սա էլ եկաւ, որպէս Ափիւռքի Քոչար»:

Վահան ՔՈՉԱՐ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս