«Միջնորդավորված, ՀՀ նախագահի անունից ինձ վրա փորձել են ճնշում գործադրել». Կիմ Բալայան
ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր, Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ եղել են ՍԴ որոշումներ, որոնց հետ համաձայն չի եղել.
«Միջնորդավորված, ՀՀ նախագահի անունից ինձ վրա էլ են փորձել ճնշում գործադրել։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էր. ստեղծել էին անկախ հանձնաժողով, որը պետք է քննարկեր, թե այս մարդը վաղաժամկետ ազատման իրավունք ունի՞, թե՞ ոչ։ Եվ այդ հանձնաժողովը կայացրել էր որոշում, որից հետո Սահմանադրությամբ նախատեսված վաղաժամկետ ազատման ինստիտուտը սկսում էր չգործել։
Ես դրան կատեգորիկ դեմ էի։ Ինձ մոտ եկավ Ռոբերտ Քոչարյանի իրավական հարցերի գծով օգնականը և ասաց, որ՝ սա պարոն Քոչարյանի միակ խնդրանքն է ձեզ։ Ես ասացի, որ պարոն Քոչարյանն իրազեկված չէ, և այդպիսի որոշում է կայացվել։ Եթե հարկ է, որ ՍԴ անդամը չպետք է որևէ առնչություն ունենա ՀՀ նախագահի հետ, բայց ես պատրաստ եմ գալ՝ ցույց տալ այս օրենքի հակասահմանադրականությունը։ Եվ, ի վերջո, հանգեցինք նրան, որ ընդունվեց որոշում, որ հակասահմանադրական է, բայց այն մասով, որ, եթե հանձնաժողովն օրինական հիմքերով չէ այդ որոշումը կայացրել։
Ես հատուկ կարծիք ունեցա, որովհետև եթե օրենքում չունես չափորոշիչներ, թե ինչի հիման վրա պետք է հանձնաժողովը մերժի կամ հավանություն տա այդ նախագծին, ինչպե՞ս պետք է օրինականությունը կամ ապօրինությունը որոշես այս պայմաններում»։
Բալայանի խոսքով՝ դա միակն դեպքն է եղել, որ ուղիղ իրեն դիմել են նախագահի անունից. «Բայց, բարեբախտաբար, նախագահը հետ կանգնեց»։