Փորձագետը Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանին հասցված հայկական կողմի պատասխանը համարում է բավականին կոշտ

Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի՝ դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքներին ի պատասխան հայկական կողմի արձագանքը բավականին կոշտ համարեց: Փորձագետը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Նախիջևանում իրավիճակի լարումը ադրբեջանական կողմից ոչ այնքան քաղաքական, որքան ռազմական մեսիջ է: Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է պատերազմի և հնարավորության դեպքում դիմելու է դրան: Սակայն հայկական կողմի պատասխանը ևս բավականին կոշտ եղավ»,-ասաց Էլիբեգովան:

Հայկական կողմի պատասխան կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փորձագետի կարծիքով, սակայն, դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի շարունակի ինժեներական աշխատանքներ կատարելու փորձը: Ադրբեջանական կողմը փորձում է նշանառության տակ պահել մեր ռազմական նշանակության ճանապարհները: Էլիբեգովայի կարծիքով՝ ներկայիս վիճակը Հայաստանի համար ավելի լավ պատրաստվելու հնարավորություն է նաև:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական զինված ուժերը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս