«Ռեալը» չի առաջարկել 310 մլն Նեյմարի համար. ակումբի պաշտոնական հայտարարությունը
«Ռեալի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հավանական տրանսֆերին:
Երեկ As թերթը, հղելով Televisión Española (TVE)-ին, հաղորդեց, որ մադրիդյան ակումբն արդեն առաջարկել է 310 մլն եվրո բրազիլացու համար և պատրաստում է 7-ամյա պայմանագիր՝ տարեկան 45 մլն եվրո աշխատավարձով:
«TVE-ով հեռարձակված տեղեկատվության լույսի ներքո՝ կապված «Ռեալի» ենթադրյալ առաջարկի հետ՝ հասցեագրված ՊՍԺ-ին և իրենց խաղացող Նեյմարին, «Ռեալը» հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը բացարձակապես ճշմարիտ չէ: «Ռեալը» ոչ մի առաջարկ չի արել ՊՍԺ-ին կամ խաղացողին:
«Ռեալը» զարմացած է, որ իսպանական հանրային հեռուստաընկերությունը որոշել է տարածել ամբողջովին կեղծ տեղեկություններ՝ առանց շահագրգիռ կողմերից որևէ մեկի հետ կապվելու՝ այս տեղեկատվությունը հաստատելու համար, որը բավականին հեշտությամբ կհերքվեր»,- ասվում է «Ռեալի» հայտարարությունում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը